ՈՒշագրավ․ Ռոբերտ Քոչարյանը գտել է նոր տարբերակ. նախագահներից հետո՝ վարչապետները

Հայաստանի երեք նախկին վարչապետեր, ու մեկ նախկին վարչապետ Արցախից, որոշել են ներկայացնել երաշխավորություն՝ նրա խափանման միջոցը փոխելու համար: Խոսքը Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի ու Անուշավան Դանիելյանի մասին է:

Հետաքրքիր է, ով եւ ինչպես է որոշել կազմը: Այսինքն, նախկին այլ վարչապետներ չե՞ն միացել, թե՞ նրանց ոչ ոք չի էլ խնդրել կամ հորդորել: Օրինակ Հովիկ Աբրահամյանը, որը տարիներ առաջ օդանավերում պատահական հանդիպումներ էր ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ, ու նաեւ հենց նրա ստվերային հրամանատարությամբ գործող ոչիշխանական բեuեռի ջանքով դարձավ «բոլորի համար ընդունելի վարչապետ» 2014 թվականին, Ռոբերտ Քոչարյանի համար այդքան անընդունելի Տիգրան Սարգսյանի փոխարեն:

Թեեւ, երկրորդ նախագահի համար երաշխավորություն ներկայացնելու պատրաստվող նախկին վարչապետների կազմը գուցե ամենաէականը չէ, այլ հետաքրքիր է ինքնին երաշխավորության փաստը: Հատկապես առաջին փաստի ֆոնին, որ եղավ Արցախի գործող ու նախկին նախագահների մակարդակով: 2019-ի մայիսին Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը եկան դատարան, Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնելու նպaտակով:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարեց նրանց երաշխավորությունը եւ կայացրեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշում: Այդ որոշումը Հայաստանում դարձավ ներքին գործընթացի խթան: Դատարանի մայիսի 18-ի որոշմանը հաջորդեց մայիսի 20-ի Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դատարանները շրջափակելու եւ հեղափոխության երկրորդ փուլ սկսելու մասին: Մայիսի 21-ին Փաշինյանը ունեցավ ծավալուն ելույթ, խոսելով ոչ միայն դատարանների, այլեւ Արցախի նախագահի ընտրության, դավադիր պատերազմի ռիսկի ու նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին:

Ավելի հետաքրքիր էր այն, որ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին դատարանի վճռից հետո, մայիսի 19-ին Աստանայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել այն ժամանակ դեռեւս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հետո եղավ Փաշինյանի կոչը, ելույթn ու Գագիկ Հարությունյանի հրաժարականը: Փոխվեց ԲԴԽ ղեկավարությունը, այսինքն դատական իշխանությունը:

Բացի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրա գործն ուղարկեց նաեւ Սահմանադրական դատարան: Ի դեպ, հատկանշական է, որ դրանից հետո ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանին հանդիպեց Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, իսկ մոտ մեկ շաբաթ անց Կոպիրկինը հյուր գնաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ նախագահը Ռոբերտ Քոչարյանի գործը ավելի ուշ ուղարկեց Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացության:

Զուգահեռ սկսվեց ՍԴ շուրջ գործընթացը, որն այժմ մտել է հանրաքվեի փուլ եւ քվեարկությամբ հանգուցալուծվելու է ապրիլի 5-ին: Միաժամանակ թափ է հավաքում Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրության գործընթացը:

Ռոբերտ Քոչարյանը նախագահների երաշխավորությունից հետո ազատության մեջ մնաց կարճ ժամանակ՝ Վերաքննիչը բեկանեց նրա ազատության որոշումը, այն բանից հետո, երբ այն խթանել էր ներքին դինամիկ զարգացումներ: Ի՞նչ է խթանելու նախկին վարչապետների երաշխավորությունը եւ ինչ է փոխելու այն Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանի ճակատագրում: Թե այն, ինչ փոխվելու էր, փոխվեց մայիսի 18-ից հետո, իսկ այժմ երկրորդ նախագահը պարզապես գտել է միջնորդություններով դատավարության բովանդակային փուլին անցումը ձգելու նոր տարբերակ:

(Visited 167 times, 1 visits today)