«Քաղաքը փոքր է, և նման տեղեկությունները շատ շուտ են հասնում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի մրցույթի համար իրենց փաստաթղթերն են ներկայացրել 5 հոգի, որից միայն մեկն է ներկայումս աշխատում համալսարանում: Մնացած թեկնածուներն, այսպես կոչված, դրսից են:

Հիմա, մի կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել:

Մենք իհարկե ուշի ուշով կհետևենք ռեկտորի մրցույթի ընթացքին:

Բայց հաշվի առնելով դեռևս նախկինից մնացած ու ըստ երևույթին դեռևս չհաղթահարված «վատ» ավանդույթները, կհորդորեի ռեկտորի պաշտոնակատարին կամ որևէ այլ անձի հատկապես հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողների նկատմամբ որևէ ճնշում գործադրելու կամ այսպես կոչված համոզելու աշխատանքներ տանելուց հրաժարվել: Նման տեղեկություններն անպայման հասնում են, քաղաքը փոքր է, և նման տեղեկությունները շատ շուտ են հասնում:

Հատկապես ուշադրությունս դարձնում եմ ուսանողների վրա, որոնք ակնհայտ կախվածություն ունեն ռեկտորի պաշտոնակատարից:

Իսկ երբ մրցույթից տաս օր առաջ կհայտարարվեն թեկնածուների անուն, ազգանունները, ապա, հուսով եմ առիթ կլինի անդրադառնալ, թե ովքեր են թեկնածուները, ինչ փորձառություն ունեն, ինչ գիտական նվաճումներ ունեն, թեկնածուական և դոկտորական դիսերտացիաներն ինչքան են միմյանց հետ կապված բովանդակությամբ և այլն»:

(Visited 44 times, 1 visits today)