«Եթե ես այսուհետ մեկ անգամ էլ որևէ ակնարկ լսեմ, բոլորդ կկանչվեք պատասխանատվության զրպարտության համար». Լուսինե Բադալյան

«Եթե ես այսուհետ մեկ անգամ էլ որևէ ակնարկ լսեմ այս օրենքը քննադատող պատգամավորի մասին, որ նա ֆինանսավորվում է «Ֆիլիպ Մորիսի» կողմից, բոլորդ կկանչվեք պատասխանատվության զրպարտության համար, որովհետև մենք այստեղ ծխել-չծխելը չենք քննարկում: Բոլորս գիտենք, որ ծխելը վնասակար է, և այն պետք է իսպառ վերացնել բոլորի կյանքից, բայց դա չի նշանակում, որ օրենքն անթերի է». փետրվարի 13-ին «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քննարկման ժամանակ նման զգուշացում հնչեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Պատգամավորն ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ ինքը խնդրել էր հանել «ծխախոտ հիշեցնող ցանկացած արտադրատեսակի արտադրումը, ներմուծումն արգելվում է» ձևակերպումը: Սակայն դա չի արվել: Ավելին՝ ոչ մի պատգամավորի առաջարկ չի ընդգրկվել նախագծում, բերվել է ավելի խստացված պայմաններով փաստաթուղթ:

(Visited 825 times, 1 visits today)