ԾԱՆՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ.

Այսօր բախումներ տեղի ունեցան Արցախում մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև:

Զինվորի հարազատները չէին հավատում ինքնասպանության վարկածին և իրենց մահացած զավակի դին վերցրած գալիս էին Երևան:
Անկախ հավաքված բազմաթիվ ոստիկանների, իրավիճակը հանդարտացվեց դեպքի վայր ժամանած ՊՆ Նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԺ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ջանքերով:

Բուն դեպքի, դրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին շատ է խոսվել, այդ պատճառով դրան չեմ անրադառնա, այլ կփորձեմ վերլուծել առաջացած խնդրի բուն խորքային պատճառը:
Այսօրվա դեպքը եզակի չէ, երբ ժողովուրդը իր այս կամ այն պահանջը արտահայտում է ճանապարհ փակելով կամ քայլերթով Երևան գալով:
Որոշ մարդիկ փորձում են այս երևույթը ներկայացնել, որպես ժողովրդի կամակորության հետևանք, սակայն պատճառը ավելի խորքային է, ես կասեի պետության և հեղափոխության համար բավականին վտանգավոր, եթե ոչ կործանարար:

Հարկ է արձանագրել, որ ճանապարհներ փակելով և քայլերթով Երևան գալով, ժողովուրդը ցանկանում է իր խնդրի նկատմամբ ընդամենը մեկ մարդու ուշադրություն գրավել կամ տեսնել հատկապես նրան, քանի որ իր բոլոր հարցերի լուծումը տեսնում է միմիայն այդ մարդու մեջ:
Այդ մարդը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Ի դեպ սա ևս մեկ ապացույց է, որ իշխող քաղաքական ուժի ամբողջ վարկանիշը ամփոփված է հենց Նիկոլ Փաշինյանի մեջ:
Իսկ ի՞նչու է դա այդպես:
Պատճառը առավել քան ակնհայտ է:
Ժողովուրդը չի վստահում և չի ընդունում ՀՀ Վարչապետի կողմից տեղերում նշանակված պաշտոնյաներին ՝ մարզպետներին, ոստիկանապետերին, ԱԱԾ պետերին, դատախազներին և այլն:

Համարում է, որ նրանք հարց լուծող չեն, համարում է որ իրենց թշնամի են և այդ պատճառով էլ ամեն գնով ձգտում են իրենց ընտրյալի ուշադրությանը արժանանալ, նրան և միմիայն նրան պատմել իրենց խնդիրը , միմիայն նրանից են սպասում իրենց հարցի լուծումը:
Փաստացի այս քայլով ժողովուրդը արձանագրում է, որ երկրում ամբողջ իշխանությունը, իր բոլոր ճյուղերով հանդերձ, իր համար ամփոփված է մեկ մարդու, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեջ:

Այսօրվա դեպքը դրա լավագույն ապացույցն էր:
Վստահաբար կարելի է արձանագրել, որ ժողովուրդը հինգ րոպեում չորոշեց փողոց դուրս գալ և Երևան գալ: Ժողովրդի այդ նպատակի մասին երկու օր էր հրապարակումներ էին լինում համացանցում: Հայտնի էր նաև պատճառը: Հայտնի էր նաև, որ մահացածի հարազատները վճռական են և կատարելու են այդ քայլը:

Սակայն բոլոր այս հայտնիների պարագայում իշխանության պատասխանատու ներկայացուցիչները ոչ միայն ցուցաբերեցին կատարյալ անձեռնահասություն և անգործություն, այլ ընդհակառակը ` <<Լրաբերով >> էլ հայտարարեցին, որ մահացած զինվորը ինքնասպան է եղել, արդյունքում ժողովուրդը ականի պես պայթեց և դուրս եկավ փողոց:
Ուշագրավ էր նաև այն, որ ժողովրդի ճանապարհը փակելու, նրանց մուտքը Երևան արգելափակելու համար ՀՀ Ոստիկանապետի ԺՊ, Արման Սարգսյանը նետեց մեծաթիվ ոստիկանական ուժեր , բայց ինքը չգնաց և չհանդիպեց ժողովրդի հետ:

Ընդունենք, որ այս փաստը այսքան տարօրինակ չէր լինի, եթե ընդամենը օրեր առաջ մեր << հերոս և անվախ >> Ոստիկանապետի Ժ/Պ-ն, իր կյանքը <<վստահած>> չլիներ Էրեբունի Պլազա ներխուժած << ահաբեկչին >> և ցուցադրած չլիներ իր բանակցելու << փայլուն>> ունակությունը ՀՀ Վարչապետին, հանուն իր նշանակման:
Արձանագրենք նաև, որ Ոստիկանության Ժ/Պ-ի <<համարձակությունը>> բավարար է <<զինված ահաբեկչի>> հետ բանակցելու համար, բայց բավարար չէ, ՊՆ Նախարարի և ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ անզեն, բայց զայրացած ժողովրդի հետ հանդիպելու և բանակցելու համար:

Հավանաբար Ոստիկանապետ Ժ/Պ-ի <<համարձակությունը>> կորավ այն պահից, երբ համոզվեց , որ <<զինված ահաբեկիչ >>, << Ադեկվատների >> չեզոքացում , պլանավորված ակցիաները ծառայել են իրենց նպատակներին և ՀՀ Վարչապետը իրեն հաստատապես նշանակելու է Ոստիկանապետ:

Այլ կերպ ասած, քանի որ այսօրվա ժողովրդական ընդվզումը պլանավորված չէր Ոստիկանապետի Ժ/Պ-ի կողմից, ապա բնական է , որ <<համարձակությունը>> նույնպես չէր կարող պլանավորվել, արդյունքում մեր Ոստիկանապետի Ժ/Պ-ն իրեն պահեց սովորականի պես, այսինքն , ինչպես միշտ խուսափեց վտանգավոր իրավիճակից և առաջնագծում միայնակ թողեց ոչ միայն իր ենթականերին, այլ նաև Դավիթ Տոնոյանին և Անդրանիկ Քոչարյանին:
Արձանագրենք, որ՝
Այսօրվա միջադեպը և դրան նախորդողները տեղի չէին ունենա և ժողովուրդն էլ սթրեսի չէր ենթարկվի, եթե Վարչապետի կողմից նշանակված պաշտոնյաները լինեին իրենց տեղերում և կատարեին իրենց պարտականությունները:
Այսօրվա միջադեպը տեղի չէր ունենա եթե նույն Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան պաշտոնյաները մի քիչ ավելի ուշադիր և սրտացավ լինեին մարդկանց ողբերգությանը, ժամանակին վերլուծեին ստեղծված իրավիճակը , կանխատեսեին և կանխարգելեին սպասվող իրադարձությունները:

Այսօրվա միջադեպը տեղի չէր ունենա, եթե վերը նշված տեղեկությունների վերլուծության հիման վրա ՀՀ Քննչական Կոմիտեն ընդամենը մի քանի ժամ շուտ հայտարարեր, որ զինծառայողի մահվան դեպքով կան ձերբակալվածներ և ինքնասպանության վարկածը հաստատված չէ:
Այսօրվա միջադեպի հետագա զարգացումը Ոստիկանության և ԱԱԾ-ի փոխարեն կանխեցին ՀՀ ՊՆ Նախարարը և ԱԺ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ամփոփեմ
Քանի դեռ ՀՀ Վարչապետի կողմից նշանակված կադրերը այս աստիճան անձեռնահաս են, մեր Վարչապետը դատապարտված է միայնության ծանր բեռը կրելուն, իսկ ժողովուրդը ամենօրյա սթրեսի:

Արտակ Գալստյան

(Visited 92 times, 1 visits today)