Դատախազության պարզաբանումը՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ

Համաձայն եզրակացության` Կ.Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն…
Դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքի կապակցությամբ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է՝ սկսած 2018թ. մարտի 15-ից:

2018թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ այդ պահից սկսած՝ մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի լուծման հարցը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի իրավասության շրջանակներում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Կ. Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին:

Համաձայն եզրակացության` Կ.Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն «OD /աջ աչք/- բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, միոպիկ խորիոռետինոպաթիա, գլաուկոմայի կասկած, ֆակոսկլերոզ, բլեֆարիտ: OS /ձախ աչք/ ակնագնդի սուբատրոֆիա:

Տեսողության սրությունը Vis OD մ.շ.դ.մ. /մատների շարժումը դեմքի մոտ/ ck sph – 10.25=0.01 PO3 (նշմարում է միայն կարմիր լույսը):  Vis OS=0 /զրո/, ՆԱՃ /ներակնային ճնշում/ OD 25-26 մմ/ս. ս.՝ ըստ Մակլակովի» ախտորոշումն է համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ ընդգրկված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» հավելված 2-շարքին:

Ըստ եզրակացության՝ «Կ.Ծաղիկյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվելու պայմաններում պատշաճ բժշկական օգնության տրամադրման հարցի պարզաբանումը չի մտնում սույն փորձաքննության իրավասության մեջ, այն ենթակա է պարզաբանման միջգերատեսչական հանձնաժողովի կազմով փորձաքննության միջոցով»:

Այսինքն՝ կալանքի հետ հիվանդությունների համատեղելիության կամ անհամատեղելիության հարցը կարող էր որոշվել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության արդյունքների ստացման հիման վրա:

Հարկ է ընդգծել, որ չնայած հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է դեկտեմբերի 20-ին, սակայն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է եղել 2020թ. հունվարի 15-ին, այսինքն մինչ այդ հնարավորություն չի եղել քննարկելու ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ դրանով պայմանավորված՝ Կ. Ծաղիկյանի խափանման միջոցի հարցը:

2020թ. հունվարի 7-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկում  Կ. Ծաղիկյանը մահացել է, ըստ նախնական տվյալների,  լրիվ այլ հիվանդության՝ «քրոնիկական երիկամային անբավարարություն, պոլիօրգանական անբավարարության» պատճառով։ Այսինքն, զուտ նախնական տեղեկատվությամբ՝ մահվան պատճառ հանդիսացած եւ փորձաքննության եզրակացությամբ նշված հիվանդությունները նույնը չեն: Այլ կերպ ասած՝ փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահը, ըստ նախնական տվյալների, առերեւույթ պատճառական կապի մեջ չեն:

Միաժամանակ, Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները»:

 

(Visited 48 times, 1 visits today)