«Փոխհրաձգություն» կառավարությունում. «առողջապահական հարկը» կարող է գժտեցնել նախարարներին

Առողջապահության նախարարության նոր ռեֆորմն արդեն ավելի քան մեկ շաբաթ է բուռն քննարկումների առարկա է դարձել։ Քաղաքացիներն ուզում են, որ այն ներդրվի, սակայն չեն ուզում վճարել։ Կառավարությունում էլ կարծիքները տարբեր են։

Հանրության առողջությունը, անկասկած, չափազանց կարևոր հարց է, ինչպես առանձին վերցված քաղաքացիների համար, այնպես էլ պետության համար։ Վիճահարույցն այստեղ այն է, թե ում հաշվին այն պետք է լուծվի։

Հիվանդանոց

Խնդիրն Հայաստանում նոր շունչ ստացավ համապարփակ առողջապահական ապահովագրության մասին Առողջապահության նախարարության նախագծի հրապարակումից հետո։ Միևնույն ժամանակ Առողջապահության նախարարությունը, նպատակին հասնելու համար, առաջարկեց աշխատող քաղաքացիների աշխատավարձերից 4-5 տոկոսի չափով պահումներ կատարել։

Սոցցանցերում արձագանքը երկար սպասեցնել չտվեց. սկսվեցին սոցիալական խտրականության մասին քննադատական գրառումները։ Որքան էլ տարօրինակ է, քննադատներին սատարեց ֆինանսների նախարարությունը` բարեփոխմանը դեմ հանդես գալով։

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Առողջապահության նախարարության բարեփոխումը հակասում է ուղղակի հարկերի նվազեցման ճանապարհով երկրի մրցունակությունը բարձրացնելու պետության հայտարարած քաղաքականությանը։ Նրա համոզմամբ, եթե Առողջապահության նախարարության բարեփոխումն ընդունվի, ապա կստացվի, որ մի կողմից պետությունը նվազեցնում է հարկային բեռը, մյուս կողմից` լրացուցիչ բեռ ստեղծում։

«Քաղաքացին դրա փոխարեն կարող է ներդրում անել, օրինակ, կապիտալի շուկայի զարգացման միջոցների հաջող իրագործման մեջ։  Եվ եթե առաջարկած հայեցակարգը ընդունվի, ապա կստացվի, որ դրա փոխարեն մարդը ներդրում է անում առողջապահական համակարգում, այլ ոչ թե ընդհանուր առմամբ տնտեսության մեջ», – կարծում է ֆինանսների նախարարը։

Նա նշեց, որ ֆինանսների նախարարության համար առողջապահական հարկի համար նախընտրելի շեմը 0-ն է, և ոչ թե 3-ը կամ 6-ը։ Եվ հարցը չափը չէ, այլ ուղղությունը, որով առաջարկում են շարժվել։ Նա կարծում է, որ պետք է այլընտրանքային տարբերակներ քննարկվեն, քանի որ առաջարկած ճանապարհը կարող է հանգեցնել լուրջ վնասների։

Աղվերանում գտնվող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հեռակա պատասխանեց գործընկերների քննադատությանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ առաջարկվում է ներդրումներ անել ոչ թե առողջապահության, այլ հանրային առողջության ոլորտում։  Նա Ջանջուղազյանին հիշեցրեց, որ  մարդկային կապիտալը` տնտեսության զարգացման համար ամենակարևոր կապիտալն է։ Բացի այդ, նա հորդորեց ֆինանսների նախարարությանը առողջապահության ոլորտի մեջ արվող ներդրումները չհակադրել տնտեսության մեջ արվող ընդհանուր ներդրումներին։

«Առանց կրթության, առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում ներդրումներ կատարելու անհնար է զարգացած և զարգացող տնտեսություն ստանալ։ Մենք դեմ չենք տոկոսադրույքների նվազմանը, բարեփոխումների ֆինանսավորման այլ տարբերակներին, մեզ համար կարևոր է, որ բարեփոխումը ներդրվի և բարելավվի հանրային առողջության ոլորտի հետ կապված իրավիճակը», – ընդգծեց նախարարը։

Թորոսյանն ավելացրեց, որ առողջապահության կարիքների համար հատկացվող միջոցները բավարար չեն նոր համակարգը ներդնելու այն ծավալով, որը ներկայացնում է Առողջապահության նախարարությունը։ Ավելին, նախարարը կարծում է, որ միջին աշխատավարձ (շուրջ 300 դոլար հարկերը հանած) ստացող մարդը չի կարող հոգալ իր առողջապահական ծախսերը։ Նրա խոսքով` կարևոր է հասկանալ, որ հասարակության զգալի մասն այսօր չի կարող իրեն թույլ տալ բժիշկի գնալ, իսկ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից հետո սոցիալական կարգավիճակը կդադարի խոչընդոտ լինել որակյալ բուժօգնություն ստանալու համար։

«Դա ոչ թե հարկ է, այլ ավելի թանկարժեք ծառայության ձեռքբերում։ Եթե կառավարությունն ու ֆինանսների նախարարությունը որոշեն, որ ֆինանսավորման այլ աղբյուր կա, ապա ես շատ ուրախ կլինեմ», – ասաց Թորոսյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել հասկանալու համար նրանց տրամադրվածությունն այդ հարցի վերաբերյալ։

Հարցվածների հիմնական մասը կողմ էր բարեփոխմանը, սակայն մի վերապահումով` ֆինանսական բեռը պետք է ստանձնի պետությունը։ Պարզվեց նաև, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը գրեթե բժիշկի չի դիմում։

Նշենք, որ համընդհանուր բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգի համաձայն` աշխատավարձի 4-6 տոկոսի գանձումը ծրագրվում է ներմուծել 2022թ–ից։ Եթե, իհարկե, կառավարությունը, խորհրդարանը և քաղաքացիները համաձայնեն։ Նախագծի հեղինակները հիշեցնում են, որ 2021թ.–ից բոլոր աշխատող քաղաքացիների եկամտահարկը, անկախ աշխատավարձի չափից, կկազմի 20 տոկոս. այսինքն` բնակչության 59 տոկոսի համար այն կնվազի 4 տոկոսով։

(Visited 34 times, 1 visits today)