Ուշագրավ. կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

Կառավարությունն ԱԺ–ին առաջարկում է հրատապ կարգով ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը։

Եթե ՍԴ անդամը մինչև 2020թ–ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով գումար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Սահմանադրական դատարանի»  և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները։

«Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակն ու դրա հնարավոր ազդեցությունը դատական մարմինների ձևավորման վրա, մենք խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների և իրավապահների բարեվարքությունը։ Եվ, վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»,– ասաց Բադասյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ ՍԴ 9 դատավորներին պետք է ընտրի ԱԺ–ն` կառավարության, դատավորների ընդհանուր ժողովի ու ՀՀ նախագահի առաջադրած 3-ական թեկնածուներից։

«Ըստ էության, ստացվում է այնպես, որ առհասարակ կարող է կյանքի չկոչվել այս մոդելը, որովհետև սահմանադրական փոփոխություններից առաջ արդեն պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել էին հին կարգով»,– ասաց Բադասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եթե կառավարությունը ոչինչ չփոխի, ապա սահմանադրական այդ դրույթը հնարավոր չի լինի կիրառել մինչև 2035թ–ը, երբ կավարտվի այսօր պաշտոնավարող ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը։

«Փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հեղինակները մի կողմից ասել են` ժողովուրդ ջան, տեսեք, մենք երազանքի ՍԴ մոդելը գտել ենք, որը մեր խնդիրները լուծելու է, մյուս կողմից արել են փոփոխություններ, որոնք ՀՀ–ին առնվազն մինչև 2035թ–ը թույլ չեն տա ունենալ այդ երազանքի ՍԴ–ն»,– ասաց Փաշինյանը։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը Փաշինյանի խոսքով, հնարավորություն կտա նոր Սահմանադրության մշակման ու ընդունման մեջ ավանդ ունեցած ՍԴ անդամներին ունենալ իրենց երազած ՍԴ–ն` առանց սոցիալական կորուստների։

Կառավարությունն ընդունեց «Սահմանադրական դատարանի»  և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերն, ու դրանք ուղարկեց ԱԺ` հրատապ կարգով, արտահերթ նիստում ընդունելու։

 

(Visited 50 times, 1 visits today)