Երեւանն ու եռանախագահները սկսում են. Աննախադեպ զգուշացում Բաքվին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգեւատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից օրեր առաջ սպանված զինծառայող Սիփան Մելքոնյանի վրեժն առած զինծառայողներին, որոնք բարձր որակով են կատարել հրամանը: Այդ մասին համացանցում գրառում է արել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նախարարի որոշումը, նաեւ սպանված զինծռայողի վրեժն առնելու մասին հրամանի թեկուզ հետահայաց հրապարակայնացումն աննախադեպ է:

Դա անշուշտ չի նշանակում, որ նախկինում սպանված զինծառայողների համար հակառակորդին չի պարտադրվել հատուցում, իսկ այն իրականացնողները չեն պարգեւատրվել եւ խրախուսվել: Տվյալ պարագայում հատկանշական հանգամանքն այն է, որ հայկական կողմը բարձրաձայնում է այդ մասին՝ բարձրաձայնում է հատուցման հրամանի եւ այն բարձր որակով իրականացնելու համար բարձր պարգեւատրման մասին: Դա խոսում է նաեւ այն մասին, որ բարձրաձայնելու հարցն անկասկած քննարկվել է եւ ստացել վարչապետի հավանությունը:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցից հետո: Նիկոլ Փաշինյանը «գաղտնիք» էր բացել սահմանի լարվածության եւ ադրբեջանական մարդասպանության մասին: Նա հիշեցրել էր, որ հայ զինծառայողին սպանելուց երկու օր առաջ, երբ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը տեղեկություն էր տարածել իբրեւ թե հայկական կրակոցից ադրբեջանցի մայորի զոհվելու մասին: Հայաստանի վարչապետը Սանկտ-Պետերբուրգում ասուլիսի ընացքում հայտարարել էր, որ հայկական կողմը մանրամասն ապացույցներ է ներկայացրել թե համանախագահներին, թե Ադրբեջանի ղեկավարությանը, որ այդ օրը այդ ուղղությամբ չի եղել հայկական դիրքերից եւ ոչ մի կրակոց: Ավելին, ըստ Հայաստանի վարչապետի՝ կրակոց եղել է ադրբեջանական կողմից:

Արդյոք Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր, որ տեղի է ունեցել սադրանք, կամ պատահականություն, որը փորձել են գցել հայկական կողմի վրա:

Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե ինչպե՞ս են արձագանքել հայկական կողմի ներկայացրած ապացույցներին Մինսկի խմբի համանախագահներն ու Բաքուն:

Այն, որ դրանից հետո Բաքուն այդուհանդերձ կրակել է ու սպանել հայ զինծառայողի, հուշում է, որ Բաքուն անտեսել է հայկական կողմի ներկայացրած ապացույցները: Բայց այստեղ էլ իհարկե հարց կառաջանա, թե ո՞վ է Բաքուն: Այսինքն, Ալիեւը տիրապետու՞մ է Բաքվում իրավիճակին, տիրապետու՞մ է ադրբեջանական առաջնագծի իրավիճակին, եւ ընդհանրապես իրավիճակին երկրում:

Այդ հարցին պատասխանելը բավական բարդ է: Հատկանշական է, որ հունիսի 1-ին, երբ առավոտյան սպանվել էր հայ զինծառայողը, Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ: ՌԴ նախագահը զանգահարել էր նրան ծննդյան օրվա առիթով շնորհավորելու եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման վերաբերալ խոսելու: Հունիսի 3-ին Կրեմլ է զանգահարել Ալիեւը: Ի՞նչ են խոսել արարողակարգային հաղորդագրությունից դուրս:

Համենայն դեպս, հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպումից հետո հունիսի 7-ի պետերբուրգյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը՝ «Իսկանդերից ոչ փոքր»:

Դրան հաջորդում է Հայաստանի պաշտպնության նախարարի խոսնակի գրառումը՝ հայկական զոհի վրեժը հանելու համար բարձր պարգեւատրման մասին:

Ըստ ամենայնի, Երեւանի արած աննախադեպ հայտարարությունը Ադրբեջանին ուղղված հավաքական զգուշացում է՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին: Բանն այն է, որ Երեւանը միշտ էլ հայտարարել է, որ Ադրբեջանի որեւէ հարված չի մնա անպատասխան: Եվ այդ իմաստով ստացվում է, որ հայտարարությունը՝ բարձր պարգեւատրման մասին, Ադրբեջանին պատասխանի մասին զգուշացում չէ: Այդ զգուշացումը միշտ է եղել, եւ խոշոր հաշվով դրա կարիքը չկար զուտ որպես զգուշացում:

Այստեղ խնդիրը քաղաքական կողմն է: Երեւանը բարձրաձայնում է աննախադեպը, մեծ հավանականությամբ այդ հանգամանքը համաձայնեցնելով համանախագահների հետ, ինչը նշանակում է, որ Երեւանի պատժիչ գործողությունները ուղեկցվելու են ոչ թե համանախագահների չեզոքությամբ, այլ այդ պատժիչ գործողություններին նրանց ռազմա-տեխնիկական աջակցությամբ, իհարկե քաղաքական հայտարարությունների առերեւույթ չեզոքությունը պահպանելով:

http://www.lragir.am

(Visited 186 times, 1 visits today)