ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք օպերատիվ տեղեկություն. պետք է հակահարված տալ․ Փաշինյան

Այժմ ընթանում է կառավարության նիստ, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձավ իր խոսքով ասած` սևազգեստ մարդկանց, քանի որ օպերատիվ տեղեկություն ունեն, որ այդպիսի խմբեր են ձևավորվել։

«Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծեն։

Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում։

Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, ովքեր քաղաքում կշրջեն, որոշակի տրամադրություն կստեղծեն, լկտի պահվածքով աչքի ընկնեն, և այսպես շարունակ… Բայց ես ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ապա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։

Նրանց դեմ հակահարվածը պետք է լինի երկաթյա։ Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին։ Սկսած այն երևույթից, որ, օրինակ, Երևանի Ազատության հրապարակը որոշ մարդիկ ցանկանում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնեն ճռռիկներ անեն, ավտոմեքենաներ վարեն մայթերով։

Սա ըստ էության` որոշակի նպատակով է արվում, որ ցույց տան, թե երկրում իբր հաստատված է անիշխանություն։ Ես ուզում եմ ասել, որ նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե պարզապես երթևեկության կանոների խախտում, այլ սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, պետության նկատմամբ։

Իսկ այդ սևազգեստ մարդկանց հարցը պետք է լուծել, նրանց բռնել ծաղկավոր շորեր հագցնել, բաբչկաներ կապել և ճանապարհ դնել քաղաքակիրթ կյանքին»,- ասաց վարչապետը։

Առավել մանրամասն` տեսանյութում` քիչ անց:

(Visited 46 times, 1 visits today)