Արդյոք Արցախում հնարավոր է «հեղափոխություն» անելը. վտանգներն ու ռիսկերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախում «հեղափոխություն» անելու մասին իր հայտնի գրառումից հետո, որն ավելի շատ սպառնալիք էր հնչում, օրակարգային հարց դարձավ այն, թե արդյոք հնարավոր է Արցախում էլ «հեղափոխություն» անել և ապա, միթե այդքան խորացել է Հայաստանի ներկայիս ու Արցախի իշխանությունների միջև հակասությունները:

Այն, որ Երևանում ու Ստեփանակերտում սկսել են իրար լավ չհասկանալ, հայտնի էր դեռ անցյալ տարվանից: Դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ պառլամենտական ընտրությունների քարոզարշավի ու դրանից հետո զարգացումները Երևան-Ստեփանակերտ ֆրոնտում ցույց տվեցին, որ իրականում հակասությունները չափազանց խորն են ու պարզապես հայրենասիրական ու այլ կոչերով փորձ է արվում երկուստեք քողարկել այն:

Ստեփանակերտում էլ բավական զգուշավոր էին ու փորձում էին անիմաստ չլարել հարաբերությունները, հատկապես որ, այսպես ասած, իշխանափոխական ոգևորությունը դեռևս իր զենիթում էր, ու անիմաստ խմորումները ձեռնտու չէին:

Վերջին Եռատոնի զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ Ստեփանակերտում որոշել են ավելի ինքնուրույն առաջ շարժվել ու զգալ տալ, որ այնքան որքան Ստեփանակերտն է կախված Երևանից, նույնքան էլ Երևանն է կախված Ստեփանակերտից:

Ընդ որում, ինչը չափազանց ուշագրավ է, և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում լավ են հասկանում, որ Փաշինյանի` Արցախում հեղափոխություն անելու մասին սպառնալիք գրառումը շատ ավելի նյարդահոգեկան լարվածության պոռթկում է, քան իրատեսական քայլի ազդարարում, մի շարք չափազանց լուրջ պատճառներով, որոնք մի քանի ուղղությունների են` և՛ ներքին, և՛ արտաքին, և՛ համահայկական:

Նախ, եթե Հայաստանում ներքին հուզումներին, որոնք բերեցին իշխանափոխության, արտաքին միջամտություն չեղավ, որովհետև դրանք մեկնաբանվեցին որպես Հայաստանի ներքին գործ, ապա Արցախում դա հնարավոր չէ ասելը: Արցախը, ուզենք կամ չուզենք, միջազգային իրավունքի սուբյեկտ` պետություն չէ, ճանաչված ՄԱԿ-ի կողմից: Այն հակամարտության գոտի է, որի կարգավորմանը հետևում է ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի միջոցով:

Այսինքն թե, այստեղ ցանկացած ներքին անկայունության առաջացումը, այն էլ Երևանի կողմից, արդեն կառաջացնի լրջագույն խնդիրներ հենց Փաշինյանի համար ու նա հարցուպատասխան կունենա առնվազն` ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի հետ, էլ չասենք, որ կարող է գալ մի պահ, երբ Ստեփանակերտն ինքը զրկի Երևանին իր անվտանգության ու շահերը ներկայացնող երաշխավորի կարգավիճակից: Դա կլինի Հայաստանի նորագույն պատմության խոշորագույն պարտություններից մեկը:

Բացի այդ, աշխարհաքաղաքական ներկայիս իրադրության պայմաններում, երբ րոպե առ րոպե սպասվում է ամերիկա-իրանական պատերազմ, երկրորդ «թեժ կետի» առկայությունը թույլ չեն տա ռեգիոնալ խաղացողները. նախ և առաջ Ռուսաստանը, և ապա` Թուրքիան: Ներքին իրադրության անկայունացումն Արցախում, կարող է բերել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման: Այդ դեպքում արդեն Մոսկվան լիովին կունենա հնարավորություն արյունահեղությունը կանխելու համար խաղաղապահներ մտցնել Արցախ:

Ապրիլյան սրացման ժամանակ դա անել չհաջողվեց, որովհետև Երևան-Ստեփանակերտ միասնությունն ամուր էր, իսկ եթե Երևանը փորձի իշխանափոխություն անել Ստեփանակերտում, ու Ադրբեջանը հարձակվի, արդեն Երևանը ոչ մի ասելիք չի ունենա, ու խաղաղապահների մուտքը կլինի բաց, իսկ դա նշանակում է, որ Երևանի` որպես ռեգիոնալ քաղաքականության սուբյեկտի, դերը պարզապես կզրոյանա, որովհետև գրեթե ամբողջական մեկուսացվածության մեջ գտնվող Հայաստանի համար ռեգիոնալ առումով գրավչություն հաղորդում է Արցախը, իսկ եթե Արցախն արդեն հսկվի ռուսական խաղաղապահների կողմից, ապա Երևանը եղած-չեղած արդեն միևնույն կլինի առաջին հերթին Մոսկվայի համար, որպես գլոբալ Մեծ քաղաքականության ուժային կենտրոն:

Բացի այդ, եթե հանկարծ Փաշինյանը որոշի «հեղափոխություն» անել Ստեփանակերտում ու Ադրբեջանը հարձակվի, ապա թեկուզ մեկ թիզ հողի կորուստը հայկական կողմից, կարող է դառնալ Փաշինյանի քաղաքական մահը: Որևէ մեկը չի կարող չհաստատել, որ իշխանափոխությունը հնարավոր դարձավ, որովհետև մենք Ապրիլյանի ժամանակ տարածքային կորուստ ունեցանք, ու դա ժողովրդի համբերության բաժակը լցրեց:

Արցախի համար թափված արյունը դեռ չի չորացել, ու դա հասկանում են նաև «թավշյա իշխանությունները» պատկերացնելով նաև համահայկական մակարդակում հնարավոր արձագանքները:

NEWSPRESS.am

(Visited 24 times, 1 visits today)