Երկու նախագահները դատարանում. Ռոբերտ Քոչարյանի ելքը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կգան դատարան, բայց երբ, դեռեւս պարզ չէ, հայտարարել  է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբան Հայկ Ալումյանը: Նախօրեին Քոչարյանի գործի դատաան նիստում նա ընթերցել է Արցախի երկու նախագահների՝ գործող Բակո Սահակյանի եւ նախկին Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը դատարանին: Նրանք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չեղարկելու դեպքում նա կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ կմասնակցի գործընթացին լիարժեք:

Դատարանն ի պատասխան դրա հիշեցրել էր Ալումյանին, որ երաշխավորները իրենք պետք է ներկայանան դատական նիստին եւ հավաստեն նույնը մասնակցելով նիստին, միաժամանակ ստանձնելով պատասխանատվություն, որը կարող է լինել ընդհուպ քրեական, եթե պաշտպանյալը խախտի երաշխիքը:

Ե՞րբ կգան Արցախի երկու նախագահները երրորդի հետեւից, նրա ազատության համար դատարանին երաշխավորելու: Ընդ որում, պարզ չէ, թե արդյոք այդ երաշխիքը բավարար կլինի դատարանի համար, որպեսզի կայացնի խափանման միջոցի փոփոխության մասին որոշում:

Մյուս կողմից, հայկական իրողությունների համատեքստում որոշակիորեն արտառոց կընկալվի, եթե Արցախի գործող եւ նախկին նախագահները դատարանին երաշխավորեն Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծ, բայց դատարանին դա չբավարարի: Արդարադատության, անկախ դատական իշխանության համակարգում դա չի պարունակում որեւէ արտառոց բան, բայց հայաստանյան համակարգը այլ մտածողության եւ ընկալումների սահմանագծումով է, ըստ այդմ, եթե Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայանան դատարան, երաշխավորեն Ռոբերտ Քոչարյանի համար, բայց դատարանը մերժի նրանց, դա անկասկած իր ազդեցությունն է թողնելու մի կողմից հանրային ընկալումների վրա, մյուս կողմից՝ նախկին իշխող համակարգի տարբեր սուբյեկտների:

Մեծ հաշվով կստացվի, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց նախկին իշխող համակարգին մերժեց նաեւ դատարանը: Այն դատարանը, որը հենց այդ համակարգի մաս էր: Կգնա՞ն Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այդ մերժման ռիսկին:

Ներկայում նրանք Արցախում Սերժ Սարգսյանի հետ են: Նա շրջում է Արցախում, իր հետ փաստացի պտտեցնելով նաեւ նրանց: Ինչ է մտածում Սարգսյանը, ինչի համար է ժամանել Արցախ, ինչու է իրենց պտտեցնում Արցախով, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանին հազիվ թե հայտնի լինի:

Սերժ Սարգսյանի քայլերը իշխող համակարգի համար անմեկնելի էին նրա նախագահության շրջանում, առավել եւս անհասկանալի են լինելու դրանից հետո: Այդ համատեքստում, եթե, օրինակ, Սերժ Սարգսյանն է նրանց ասում՝ գնացեք դատարան ու երաշխավորեք Ռոբերտ Քոչարյանի համար, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անկասկած մտածում են, թե ինչի՞ համար է Սարգսյանն ասում դա, ինչի՞ համար է Սերժ Սարգսյանն ուզում, որպեսզի իրենք երաշխավորեն Ռոբերտ Քոչարյանի ազատությունը, որը Սարգսյանի նախագահության տասնամյակում արեց ամեն ինչ նրան տարատեսակ հանգամանքներով կապկպած պահելու համար:

Թե՞ Սերժ Սարգսյանը նրանց ոչինչ չի ասում, եւ դրա համար էլ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը որոշել են երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի ազատությունը, Սերժ Սարգսյանի հետ Արցախում «մենակ» չմնալու համար: Բայց, այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն էլ իր երաշխիքները պետք է պահանջի իր համար դատարանին երաշխավորող Բակո Սահակյանից եւ Արկադի Ղուկասյանից, որովհետեւ իշխանության պատասխանատվություն չունեցող Սերժ Սարգսյանն այլեւս առավել անկաշկանդ է լինելու Քոչարյանի հետ հարաբերությունները պարզելիս:

http://www.lragir.am

(Visited 88 times, 1 visits today)