Ասեք Մանվել Գրիգորյանին հավաքի իրերն ու․․․Քոչարյանի հրամանը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօրվա դատական նիստում պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց «Մարտի 1»-ի գործով մի քանի առանցքային վկաների ցուցմուքներից հատվածներ մեջբերել:

Ալումյանը մասնավորապես հրապարակեց 2008-ին ՀՀ պաշտանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Միրզաբեկյանի եւ այժմ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանի ցուցմունքներից հատվածները:

Ալիկ Միրզաբեկյանը նույնպես ներկա է եղել 2008թ. փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը։

Ըստ Միրզաբեկյանի ցուցմունքի՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության ընթացքում Միքայել Հարությունյանին հարցրել է, թե որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, ինչին ի պատասխան Հարությունյանն ասել է, որ տեղյակ չէ, ինչի համար նրան Քոչարյանը կշտամբել է իրավիճակին չտիրապետելու համար:

«Այնուհետեւ հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը, եւ խնդիր դրեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում:

Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երեւան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից:

Հիշում եմ, որ ես 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու, ինչպես նաեւ հիշում եմ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որեւէ հարցում ներգրավված չեմ եղել, եւ իմ ենթակա ստորաբաժանումները որեւէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը:

Այնուհետև Հայկ Ալումյանը հրապարկեց գործով, որպես վկա հարցաքննված Մովսես Հակոբյանի ցուցմունքից հատվածներ:

«Փետրվարի 23-ին ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության: Այն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ՝ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա եւ նրան ասել, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու … լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից»,- նշված է Հակոբյանի ցուցմունքում։

Ընդհանուր խորհրդակցության իմաստն ըստ Մովսես Հակոբյանի պատկերացման՝ այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ զինված ուժերի ողջ անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, որոնք կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին:

Ալումյանը, մեջբերելով երկու բարձրաստիճան զինվորականների ցուցմունքները, ասաց, որ այն դատարանները, որոնք քննում էին Քոչարյանի կալանքի հարցը, չգիտեին այս ցուցմունքների գոյության մասին։

Նշենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016թ. ապրիլի 26–ին ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Մեկնաբանեք և  կիսվեք ընկերների հետ

(Visited 107 times, 1 visits today)