Դա ոչ միայն այլանդակելու է պետության հիմքերը, այլև դառնալու է չդադարող վենդետաների շարժառիթ. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել.

«Իր դեմ մեղադրանքի առաջադրումից րոպեներ անց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, թե իր դեմ իրականացվողը (մեղադրանքը) շինծու է։ Սա նոր Հայաստանի քրեադատավարական գործընթացներում շրջադարձային պահ է, և մենք իրավունք չունենք սա անտեսելու, անուշադրության մատնելու։

Մինչ այս երկրի քաղաքական իշխանությունը և իրավապահ համակարգը հայտարարում էին, որ բացառվում է քրեական գործերի հանդեպ որևէ «շինծուություն», քաղաքական պատվեր կամ ճնշում։ Դրան գումարվում էր սոցցանցային մթնոլորտը, և որևէ պաշտպանվող կողմի, նրա փաստաբանների համար հաճախ շատ դժվար էր դառնում ապացուցել ակնհայտը։ Ուղղորդվող զգացմունքայնությունը և «անտեսանելի ձեռքը» հաղթում էին իրավական գործընթացներին։

Իր ձևակերպմամբ Դավիթ Սանասարյանը՝ հեղափոխության առաջամարտիկներից մեկը, լեգիտիմացրեց նոր Հայաստանում շինծու քրեական հետապնդման հնարավորության վարկածը։ Սա հավասարաչափ կարող է վերաբերել մյուս հայտնի քրեական գործերին։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ շինծու չէ սահմանադրական կարգի տապալման գործը, ՍԴ դատավորի վրա ճնշման գործը, իսկ ո՞րն է երաշխիքը, որ շինծու չէ Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործը։

Այլևս՝ ոչ մի երաշխիք։ Սա տեսական բանավեճ չէ, և խնդիրն արագ պետք է տեղափոխել շատ կոնկրետ կիրառական հարթություն։ Այլևս «շինծուության» կասկածը հնարավոր չի լինելու վերացնել իշխանության հավաստիացումներով։ Դրա համար այլ բան է պետք՝ ողջ գործընթացի իրավական, հանրային մոնիտորինգ։

Միայն այս պայմաններում ՀՔԾ-ն, դատախազներն ու դատավորները իրենց կաշկանդված կզգան «շինծուություն» անելուց։ Սա օդ ու ջրի պես պետք է նաև Նիկոլ Փաշինյանին։ Եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ վերը թվարկված կամ այլ գործեր շինծու են, նա ստանալու է ՀՔԾ-ից, դատախազներից և դատավորներից տարանջատվելու օրինական հնարավորություն։

Սա շատ կարևոր է պետության համար. եթե, Աստված մի արասցե, նշված քրեական գործերը գնան ՀՔԾ-ի սցենարով, ու կայացվեն ծանր վճիռներ ու հետո, ավելի ուշ, պարզվի, որ դրանք եղել են շինծու, ապա դա ոչ միայն այլանդակելու է պետության հիմքերը, այլև դառնալու է չդադարող վենդետաների շարժառիթ, և ամենևին՝ ոչ միայն դատաիրավական համակարգի հանդեպ։

Իմ ասածը հետևյալն է. անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական դիրքից, հնից ու նորից, հասարակությունը պարտավոր է թույլ չտալ որևէ «շինծուություն»։ Հնարավո՞ր է սրան հասնել։ Վստահաբար՝ այո՛, եթե լավ մտածենք ու լավ աշխատենք: Աշխատենք բոլորս»։

mamul.am

(Visited 45 times, 1 visits today)