«Որոշ չափանիշների համապատասխանող մեր սպորտսմենները ազատվում են ծառայությունից». Տոնոյանը`Ջուլֆալակյանին

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուֆալակյանը անդրադարձավ բանակում սպորտային-մարզական վաշտի վերաբացման խնդրին: «Կան ընտանիքներ, որտեղ կան պատանի տաղանդավոր մարզիկներ և ծնողները, չտեսնելով, թե ինչպես կարող են իրենց երեխաները շարունակել հաջողություններ գրանցել սպորտում, ուղղակի լքում են երկիրը և փորձում այլ պետությունների դրոշների տակ հանդես գալ:

Եվ հակառակը` արդեն դրսում կայացած մարզիկները չեն վերադառնում Հայաստան, քանի որ վերադառնալու դեպքում ստիպված են լինելու ծառայել սովորական վաշտերում: Ես չեմ առաջարկում, որ առահասարակ չծառայեն մարզիկները, այլ ծառայեն հատուկ սպորտային վաշտում»,- դիմելով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ասաց Ջուլֆալակյանը:

«Մենք Կառավարությունում համակարծիք ենք, որ մարզական վաշտի վերաբացումը անհրաժեշտություն է, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած, որոշ չափանիշների համապատասխանող մեր սպորտսմենները արդեն իսկ ազատվում են ծառայությունից` տարկետման իրավունք ստանալու միջոցով:

Երիտասարդների այդ ոսկյա տարիքը` 18-27, որ նրանք ամենամեծ հաջողություններին են հասնում, մենք հասկանում ենք պահանջը` չափանիշը մի քիչ ցածրացնելով սպորտային-մարզական վաշտի միջոցով այդ ամեն ինչը կարգավորել Զինված ուժերում, ինչը որ արվելու է իմ հրամանով:

Ուղղակի կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որը որ այս պահին մշակվում է և ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունը ունենալու ենք»,- Ջուլֆալակյանին պատասխանեց Դավիթ Տոնոյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 68 times, 1 visits today)