Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը` Զարթոնքի միջադեպի մասին

Հայաստանի վարչապետը հայտարարեց` բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։

Հայաստանում ոչ ոք իրավունք չունի հարցերը լուծել զենքի օգնությամբ։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպը։

Զարթոնք գյուղ
Նրա խոսքով` եթե Զարթոնք գյուղի մասով կառավարությունը միջամտեր, կհայտարարեին, թե կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա: Իսկ երբ միջադեպ ու սրացում եղավ, հարցնում են, թե ո՞ւր է նայում կառավարությունը

«Ես արդեն հայտնել եմ իմ քաղաքական դիրքորոշումը։ Հեղափոխությունից հետո բոլոր համայնքներում, որտեղ կան խնդիրներ, կան բողոքի ալիքներ, գյուղական համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան, և նշանակվեն արտահերթ ընտրություններ», – նշեց Փաշինյանը։

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ վստահություն վայելող թեկնածուներն այսպես թե այնպես նորից կընտրվեն։

Պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ասածին, թե գյուղում հուզումների ժամանակ դանակներ են նկատել, Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն համապատասխան ցուցումներ է ստացել այդ մասին։

«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։ Տարբերակ չունեն։ Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները։ Ծեծկռտուքի ժամանակ գյուղապետի թոռը` Նարեկ Մելքոնյանը, որսորդական հրացանով կրակել էր օդ։

http://armeniasputnik.am
 

(Visited 34 times, 1 visits today)