Ցանցերը բռնած` փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք. Փաշինյանը խոսեց Սաշիկ Սարգսյանի մասին

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս չնյարդայնանալ. բոլորի պատասխանատվության հերթը կգա։

 Եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին հնարավորություն են տվել երկրից հեռանալու, որպեսզի պատասխանատվությունից խուսափի, ապա թույլտվությունը տված անձինք խստագույնս կպատժվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդին` Հայկ Սարգսյանը, օրերս հայտարարել էր, որ հայրը Հայաստանից մեկնել է հանգստանալու։ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

«Նրան Հայաստանից մեկնելու թույլտվության որոշումը ես չեմ կայացրել, այլ քննչական մարմինը, քննիչն է նման հնարավորություն տվել։ Եթե պարզվի, որ այդ որոշումը դատավարական առումով սխալ է, և որևէ մեկին պետք է հնարավորություն տա պատասխանատվությունից խուսափել, ապա այդ թույլտվությունը տված անձինք խստագույնս կպատժվեն»,–ասաց վարչապետը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մինչ օրս որևէ գործ վերջնական բացահայտված չէ`Փաշինյանն արձագանքեց, որ իրենց խնդիրը մարդկանց քառատելը չէ։ Բացի այդ, նրա խոսքով, այսօր քննչական մարմիններն աշխատում են կրկնակի, եռակի ծանրաբեռնվածությամբ։

Ալեքսանդր Սարգսյան

«Ի՞նչ անենք, ցանցերը բռնած` փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք։ Հիմա մենք ինչ–որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ էկրանը մգացել է ու գրվել է` ֆիլմի վե՞րջը։ Խորհուրդ եմ տալիս` ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության հերթը կգա»,–ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։

http://armeniasputnik.am

(Visited 37 times, 1 visits today)