«Սրբապիղծ է նա, ով մտածում է, թե մեր ընտանիքն օգտագործել ենք PR-ի համար, ». Կարեն Արայան

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու գեղանկարիչ Կարեն Արայանը բաժանվել են։ Այդ մասին սոցցանցային իր էջում գրեց Կարենը, Tert.am Life-ի հետ զրույցում էլ Կարենը հաստատել էր բաժանման լուրը, ավելի ուշ Ալինա ՄարտիրոսյանՆ ամուսնու ազգանունը հեռացրել էր իր էջից, բայց ժամեր անց կրկին վերականգնել էր։

Իրադարձությունից 3 օր անց Կարենը Ֆեյսբուքը կրկին որպես հարթակ օգտագործեց իրենց հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ հայտնելու համար՝ նա ուղիղ եթերում էր Ալինայի հետ։ Զույգը հայտարարեց՝ կրկին միասին են, իսկ անհարթությունները թողել են անցյալում։

Tert.am Life-ը Կարենի հետ զրուցել է Ալինայի հետ հաշտվելու, անձնական հարաբերությունները հանրայնացնելու և այն PR-ի համար օգտագործելու մեղադրանքներ մասին:

«Մեզ միայն մեր շենքում չէ, որ ճանաչում են, հետևաբար ես չէի կարող այլևս կապ չունենալ մարդու հետ, բայց բոլորը կարծեին, թե մենք միասին ենք: Բաժանվելու մասին տեղեկությունը հանրայնացնելու միակ պատճառը դա էր: Եթե անկեղծ, ո՛չ իմ, ո՛չ Ալինայի մոտ անգամ մի նշույլ վստահություն չկար, որ կարող ենք հաշտվել: Բայց, լավ է, անհանգստացնող բոլոր խնդիրները հարթվեցին, ու մենք կրկին միասին ենք»,- ասաց Կարենը։

Եթե դերասանուհին այդ օրերին հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել լուրը, Կարենը ճիշտ հակառակը, շտապեց խոսել այդ մասին ու փոխել կարգավիճակը սոցցանցերում: Իր կողմից կտրուկ արձագանքը Կարենը մեկնաբանեց տեսակով. «Մեզանից յուրաքանչյուրն այդ հարցին արձագանքեց իր մոտեցմանը համապատասխան: Ես կտրուկ արձագանքեցի, Ալինան սոցցանցերում իմ ազգանունը հանեց իր ազգանվան կողքից, չնայած հետո վերականգնեց: Վեճեր, իրար չհասկանալ լինում է յուրաքանչյուր ընտանիքում: Մեր ընտանիքը ոչ մի ընտանիքից հետ չի մնում, ուղղակի այս անգամ, կարելի է ասել, պոռթկացինք: Այս շրջանում երկուսս էլ գերզբաղված ենք՝ ես իմ ներկայացմամբ, Ալինան` մանկատների հետ կապված բարեգործական ծրագրերով։ Լարվածությունն իր ազդեցությունն ունեցավ մեր հարաբերությունների վրա, եկանք որոշման, որ պետք է բաժանվենք: Փառք Աստծո, ժամանակին կանգ առանք ու հիմա միասին ենք: Այժմ չունենք մեր հարաբերություններին խանգարող ոչ մի բան, անգամ, բնավորության գիծ»:

Կարենն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, թե սա ընդամենը PR քայլ էր։ «Մի բան կընդգծեմ հատուկ իրենց էժանագին մտածելակերպի վրա վստահ մարդկանց համար, ովքեր արծարծեցին թեման, թե մենք մեր ընտանիքի հաշվին PR ենք անում: Ով մտածում է, թե մենք մեր ընտանիքն օգտագործել ենք PR-ի համար, սրբապիղծ է: Ինձ համար իմ ընտանիքը սրբություն է, ամենակարևոր բանը: Ինքս որևէ մեկի ընտանիքի հետ կապված նման բան չեմ մտածի, քանի որ ինձ համար իմ ընտանիքն ամենակարևորն է, այն չի կարող PR-ի առարկա լինել: Ընթերցողներին էլ կխնդրեմ ամեն բան չխառնել իրար՝ մեկը մյուսի հետ կապ չունի, սա զուտ անձնական հարց էր: Մեր համերաշխությունն էլ երկկողամանի է եղել, որովհետև ստիպողաբար ոչինչ չի լինում»,- ասաց Կարենն ու հավելեց՝ ամեն ինչ անցյալում է, իրենք էլ հարթ շարժվում ենք առաջ:

(Visited 43 times, 1 visits today)