«Վայրի հրեշտակ» Նատալյա Օրեյրոն` ընտանիքի հետ Երևանում է. երգչուհու անկեղծ խոստովանությունն ու ժամանման լուսանկարները

Շպարով, թե առանց շպարի, գիշերը քնած, թե ոչ, հոգնած, թե ոգևորված. նա երբեք չի փախչում երկրպագուներից ու լրագրողներից։ Չուլիտոն՝ Միլագրոսը, նույն ինքը՝ Նատալյա Օրեյրոն, արդեն Երևանում է։ Դերասանուհին այստեղ կանցկացնի 3 օր։ Ապրիլի 7–ին սպասվում է երգչուհու մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

2000-ականների ամենահայտնի հեռուստասերիալի` «Վայրի հրեշտակի» աստղը Երևան ժամանելիս կեպիի փոխարեն բերետ էր ընտրել, ջինսերի փոխարեն՝ տաք բաճկոն. Հայաստան է եկել ցրատաշունչ Ռուսաստանից։ Tert.am Life-ը ներկայացնում է երգչուհու ժամանման մանրամասները։

Նատալյան ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, որտեղ նրան սպասում էին երկրպագուներն ու լրագրողները։  Միլիի խենթ կերպարի փոխարեն մեր առաջ էլեգանտ Նատալյան էր։ Ինչ խոսք, նա բավականին մեծացել է, բայց  ժպիտն ու շփվող բնավորությունն անմիջապես հիշեցնում են հայտնի հերոսուհուն։

Նա միանգամից կլանեց գիշերը չքնած ու իրեն դիմավորելու եկած մարդկանց։ Ջերմ ու շփվող Նատալյան շնորհակալություն հայտնեց իրեն դիմավորողներիս, որ եկել ենք ու ինքն առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես ենք։ Անմիջապես ճանաչեց հայ երկրպագուին` Հարութին, որին հանդիպելու առիթ ունեցել էր, նույնիսկ անունը հիշեց, ընդունեց երկրպագուների ծաղիկներն ու հասցրեց մի քանի բառ փոխանակել նրանց հետ։

Թեև դերասանուհին ժամանեց լուսադեմին`նախորդ համերգից ժամեր անց, և ամբողջ գիշերը չէր քնել, տրամադրությունը բարձր էր։ Իրեն բնորոշ թեթևությամբ ասաց, որ թռիչքը շատ լավ է անցել։ «Երեկ համերգի էի, որից ժամեր անց եկա Հայաստան»,– ասաց նա։

Համերգային շրջագայության ընթացքում նա մեկ ամիս չի տեսել ընտանիքին, շատ է կարոտել և ինչպես ավելի լավ հայտնել էր Tert.am Life-ի հետ զրույցում, հենց Հայաստանում է հանդիպելու նրանց։ Երգչուհու ամուսինն ու որդին ժամանել են երեկ երեկոյան։  «Այստեղ ինձ սպասում են ամուսինս ու որդիս։ Մոտ մեկ ամիս է` նրանց չեմ տեսել։ Հիմա գնում եմ նրանց տեսնելու»,– ոգրևորությամբ ասաց Նատալյան։

Լրագրողների հետ զրույցում դերասանուհին նաև նշեց, որ Հայաստանի մասին շատ է լսել, Արգենտինայում հայկական մեծ համայնք կա։ Երգչուհին առաջին անգամ է Երևանում, հայ հանդիսատեսի առաջ էլ առաջին անգամ է ելույթ ունենալու։

«Մեծ ակնկալիքներ ունեմ, հուսով եմ շոուն դուր կգա հանդիսատեսին»,– անկեղծ խոստովանեց նա, ապա հավելեց, որ մեծ անակնկալներով է եկել ու ուղևորվեց հյուրանոց։

 

(Visited 32 times, 1 visits today)