Ո՞վ է սեփականացրել Դավթաշենի թաղապետարանի մի մասը. օտարվել են անգամ միջանցքներն ու աստիճանավանդակները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Դավթաշենի թաղապետարանի մի մասը պատկանում է ինչ-որ անձի: Armdaily.am-ը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանից հետաքրքրվեց, թե ում է պատկանում թաղապետարանի մի մասը և ինչպես է ստացվել, որ այն օտարվել է:

Նա պարզաբանեց, որ 2008 թվականին Դավթաշեն համայնքի ավագանում որոշմամբ շենքի մի մասն օտարվել է, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ վարչական շրջան չէր, կոչվում էր Դավթաշեն համայնք և համայնքն ուներ իր առանձին ավագանու անդամները, որի որոշմամբ էլ օտարվել է շենքը: Գործընթացը սկսվել է նախկին թաղապետներից Սուրիկ Ղուկասյանի օրոք, ավարտվել Արթուր Գեւորգյանի ժամանակ, ով թաղապետ է եղել 2008-2012թթ:

Օտարվել է շենքի բավականին մեծ հատված՝ տրվելով ոմն քաղաքացու: «Դրանից հետո շենքի այն հատվածը, որն օգտագործվել է որպես թաղապետարան, առանձնացվել է ընդհանուր օտարված մասից և նախնական գնորդը վաճառել է երկրորդ անձի: Դա այն հատվածն էր, որի մեջ մտել էին թաղապետի աշխատասենյակը, կոմունալ բաժինը, հողօգտագործման բաժինը: Դրանից հետո այն իր հերթին օտարվել է երրորդ և չորրորդ անձի։

Զավեշտալին այն է, որ այդ առանձնացված հատվածն ունեցել է 3-4 սեփականատեր, սակայն ոչ ոք չի կնքել ոչ մի պայմանագիր մինչեւ 2018թ հոկտեմբեր, այսինքն՝ ինչպես օտարումից առաջ, այնպես էլ դրանից հետո օգտագործել են վարչական շրջանի համար առանց որեւէ պայմանագրի,-ասաց Միքայել Թումասյանը։ Նա նշեց, որ օտարվել են ընդհանուր օգտագործման տարածքներ՝ միջանցքներ, աստիճանավանդակներ՝ առանց սերվիտուդի պայմանագիր։

Մեր տեղեկություններով այս պահին այդ առանձնացված եւ մի քանի անգամ օտարված հատվածի սեփականատերը նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանի եղբոր՝ Արտյոմ Գեւորգյանի աներորդին է՝ Գեւորգ Եղիազարյանինը, ով արդեն իսկ կնքել է անհատույց օգտագործման պայմանագիր ֆեդերացիաների հետ: Նախկին թաղապետի սենյակն այժմ ծառայում է որպես բռնցքամարտի ֆեդերացիա՝Արթուր Գևորգյանի նախագահությամբ։ Իսկ առաջին հարկի հատվածը՝ կոմունալ եւ հողօգտագործման բաժինների տարածքը ծառայում է որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա, որի նախագահը Արթուր Գեւորգյանի եղբայրն է՝ Արտյոմ Գևորգյանը:

Օտարված տարածքը կազմում է 350-400 քառակուսի մետր, 1քմ-ի համար վճարել են մոտ 30-32 հազար դրամ, այս գործարքների վերաբերյալ բոլոը նյութերը նախապատրաստվել և ուղարկվել են դատախազություն, ուստի թաղապետը զերծ մնաց որեւէ գնահատական տալուց: Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ այժմ որպես աշխատասենյակ օգտագործում է նախկին տեղակալի սենյակը, իսկ մյուս բաժինները, որոնց սենյակները նույնպես օտարված են, շենքի այլ մասում են տեղակայել, ինչը բնականաբար անհարմարություններ է առաջացնում:

Ի դեպ, պարզվում է,  թաղապետարանի շենքում եւ բակում տեսախցիկներ կան, որոնք վարչական շրջանին չեն պատկանում.«Ամենայն հավանականությամբ դրանք պատկանում են ֆեդերացիային, մեր ամբողջ շարժը վերահսկում են: Եվ տեսախցիկներից մեկը հենց իմ սենյակ տանող հատվածում է փակցված»,-նշեց Միքայել Թումասյանը։

Նյութի աղբյուր

(Visited 401 times, 1 visits today)