«18 տարեկան անփորձ երեխային չի կարելի կանգնեցել առաջնագծում և վերջ». ԲՀԿ-ն օրենքում փոփոխություն է առաջարկել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկել, ըստ որի առաջարկվում է 18 տարեկան նորակոչիկներին ծառայության անցնելուց հետո անմիջապես չտանել առաջնագիծ: Այս մասին  գրառում է կատարել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները:

«Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են:

Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:

Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ: Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ:

Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»,- գրել է Զոհրաբյանը:

http://armlur.am

 

(Visited 31 times, 1 visits today)