ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կճանաչե՞ն Արցախի անկախությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է հայազգի արտասահմանցիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկայացրել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցը, որում 40 էջ նվիրված է Ադրբեջանին:

Մարդու իրավունքների խախտումների ցանկում նշվում է նաեւ այն հանգամանքը, որ հայկական ազգանուններով մարդիկ Ադրբեջանի սահմանակետերում հաճախ լրացուցիչ ստուգման են ենթարկվում: Նման անձանց հաճախ մերժում են երկիր մուտքը: Քաղաքացիական հասարակության ակտիվիստները հայտարարել են, որ մի ամբողջ սերունդ մեծացել է հայերի դեմ ատելության կարգախոսներով, ասվում է զեկույցում:

Օրերս հայտարարություն էր տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը վերաբերվում էր այս նույն խնդրին: Դրանում ասվում է, որ չկարգավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառաբանությամբ Ադրբեջանի մաքսային սահմանապահ ծառայությունը շարունակում է հրաժարվել իր տարածք մուտք գործելու արտոնություն տալ, անկախ ունեցած քաղաքացիությունից, այն անձանց, ովքեր ունեն ուղղակի կամ անուղղակի ցուցիչներ այն բանի, որ հանդիսանում են ազգությամբ հայ։

Բաքուն իր այդ կեցվածքը հիմնավորում է այն հանգամանքով, որ չի կարող երաշխավորել նրանց անձնական անվտանգությունը։ Ռուսական կողմը, համաձայն հայտարարության տեքստի, բացմիցս է դիմել ադրբեջանական կողմին, անթույլատրելի համարելով նման խտրական գործողությունները ազգային պատկանելիության հիմքի վրա, այն անձանց հանդեպ, ովքեր այցելում են Ադրբեջան եւ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։

Սակայն Ռուսաստանի դիմումներն անտեսվել են։ «Հետեւաբար կոչ ենք անում մեր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու դեպքում մանրակրկիտ կերպով հաշվարկել հնարավոր ռիսկերը»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստորեն, Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, արձանագրում են նույն խնդիրը, ըստ որի՝ Ադրբեջանում պետական եւ հանրային մակարդակով կա հայատյացություն, դա պետական քաղաքականություն է:

Հետաքրքիր է, որ Մինսկի խմբի համանախագահները օրերս հայտարարություն էին տարածել, որտեղ հիշեցնում էին Ղարաբաղի խնդրի կարգավորման սկզբունքների մասին, անթույլատրելի համարելով ձեւաչափի ու այդ սկզբունքների փոփոխությունը:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները փաստացի արձանագրում են, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է մարդու իրավունքների պահպանման եւ հումանիտար աղետից խուսափելու տեսակետից: Ցանկացած այլ «լուծում» անիրագործելի է:

(Visited 715 times, 1 visits today)