Արտակարգ դեպք Շիրակի մարզում. կին ոստիկանը, իր գործընկերների հետ Արթիկում վնասազերծել են դիմակավորված ու զինված հանցագործին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ ջոկի ոստիկանները քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով զինված կյասկածյալը չի կարողացել ճողոպրել ոստիկաններից: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել:

Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախնել անգամ 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից, ով, ասես, իր գործընկերների հետ իրականացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ասած՝ «ասֆալտին փռեմ օպերացիան»:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխեցին ոստիկանության Արթիկի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համազասպ Մնացյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

http://shamshyan.com

(Visited 280 times, 1 visits today)