Ավելի է սրվում իրավիճակը. Ով կարող է հաշտեցնել Գագիկ Ծառուկյանին և Արթուր Գևորգյանին

Այսօր «Դինամո» մարզադահլիճում սկսվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Երեկ մասնակից բռնցքամարտիկները կշռվել էին, կայացել էր նաև առաջնության վիճակահանությունը: Արարողությանը ներկա էր եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, որը հանդիպում էր ունեցել մարզիչների և առաջնությունը սպասարկող մրցավարական անձնակազմի հետ:

Նշենք, որ այս առաջնությունում մարզիչները նաև հնարավորություն կունենան բողոքարկելու մրցավարների որոշումը: Բոլոր մարտերը նկարահանվելու են, իսկ բողոքարկման դեպքում լրացուցիչ 3 մրցավարները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան դիտելու մարտն ու կայացնելու վերջնական որոշում: Մարտավկան կարող է բողոքարկել մենամարտի ավարտից հետո ՝ 15 րոպեների ընթացքում:

Այս առաջնության առթիվ երեկ կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս նշել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին այլևս սառեցված է: «2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն: Հիշեցնեմ, որ ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել էր, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով: Ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից: Փաստացի այսօր ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ: Ֆեդերացիայի ո՛չ նախագահը և ոչ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են: Տեղեկացնեմ, որ ԱԻԲԱ-ի փետրվարի 8-9-ը կայացած Գործկոմի նիստում որոշվել է այս հարցով նշանակել հանձնակատար, ով իրավիճակի խորքային ուսումնասիրություններից հետո միայն հանձն կառնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունների անցկացման գործընթացը: Սակայն քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միտված է նախաձեռնելու օրինազանց միջոցառումներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է սույն ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Ի դեպ, փետրվարի 22-23-ը Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի և Գործկոմի ընտրություններն էին: Խորհուրդ կտայի պարզաբանում ստանալ բռնցքամարտի միջազգային կառույցներում «բացարձակ» հեղինակություն վայելող Արթուր Գևորգյանից, թե ինչու է վերջինս Գործկոմի կազմում առաջադրվելու և չընտրվելու փաստը խնամքով թաքցնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոստոմյանը:

Նշենք, որ արդեն 7 ամիս հայկական բռնցքամարտում կրքերը չեն հանդարվում: 2018 թվականի օգոստոսին Արթուր Գևորգյանը վերընտրվել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կասկածի տակ էր դրել այդ ընտրությունները: Դրանից հետո ստեղծվել էր բռնցքամարտի ազգային ֆեդերացիա, որը գլխավորում է Հովհաննես Հովսեփյանը: Ու փաստորեն արդեն տևական ժամանակ հայկական բռնցքամարտը բաժանված է երկու թևի: Կարծում ենք՝ պարզ է, որ ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող:

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ չեն նկատվում հանգուցալուծման ուղիներ: Թե Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և թե ՀԱՕԿ-ը մտադիր չեն կոմպրոմիսի գնալու: Բևեռներում Արթուր Գևորգյանն ու Գագիկ Ծառուկյանն են, որոնք հայկական սպորտում առանցքային ֆիգուրներ են: Ցավալի է հատկապես, որ կողմերը փորձում են հարցին լուծում տալ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցով: Այս գործընթացը միայն ու միայն ստվեր է գցում հայկական բռնցքամարտի վրա: Առջևում օլիմպիական խաղերն են, իսկ մեր բռնցքամարտիկները գտնվում են ներքին տարբեր ճամբարներում: Շատերը կհամաձայնեն, որ հարցին պետք է լուծում տրվի ներսում, ոչ թե, այսպես կոչված, դրսի միջոցով: Դա ուղղակիորեն վերաբերում է նաև մեր երկրի հեղինակությանը:

Ու հիմա իսկապես ժամանակն է, որ խնդիրը կարգավորելու գործընթացին միջամտեն ՀՀ իշխանությունները: Ո՞վ կարող է հաշտեցնել Արթուր Գևորգյանին և Գագիկ Ծառուկյանին հանուն հայկական բռնցքամարտի: Կարծում ենք՝ նման մարդիկ այսօր կան, որոնք չպետք է հապաղեն: Բնական է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական ճանապարհով: Առաջնային է, որ հնարավորինս արագ գոյություն ունենա բռնցքամարտի մեկ ֆեդերացիա:

www.1in.am

(Visited 214 times, 1 visits today)