Զինհոսպիտալում մահացած նորակոչիկի գործով մեղադրվող երեք բժիշկներից երկուսը արդարացվել են

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց զինվորական բժիշկներ Կ. Ջուլհակյանի, Մ. Դավիդյանցի, Ա. Չախոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Զինվորական բժիշկները մեղադրվում էին ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանք է առաջացրել:

Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 22-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը ՊԲ հոսպիտալում մահացել է…

Զինվորի մահից 6 տարուց ավելի ժամանակ է անցել, նրա մահվան հարցում մեղավորություն ունենալու համար մեղադրվող բժիշկների գործը դատարաններում է 2014 թվականից… Առաջին ատյանի դատարանում այս գործով դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին: Իսկ վերաքննիչ քրեական դատարանում գործը վարույթ է ընդունվել 2018 թվականի հունվարին…

Ամբաստանյալները երիտասարդ բժիշկներ են: Առաջին ատյանի դատարանում նրանք չորսն էին, իսկ վերաքննիչ դատարանում երեք ամբաստանյալներն էին:

Կարեն Ջուլհակյանը՝ 1972 թվականին ծնված, դեպքի պահին եղել է գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, ՊՆ հավաքակայանի բուժկետում եղել է հերթապահ բժիշկ: Նա բարեխիղճ ծառայության համար պարգևներ ունի, հասել է մայորի կոչման, զորացրվել է:

Մհեր Դավիդյանցը՝ 1983 թվականին ծնված, ինֆեկցիոնիստ է, դեպքի պահին եղել է ծառայության մեջ, ՊԲ զորամասում բաժանմունքի պետ էր, կոչումով՝ լեյտենանտ: Զորացրվել է:

Արկադի Չախոյանը՝ 1984 թվականին ծնված, ծառայության մեջ է եղել ՊԲ զորամասում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով՝ լեյտենանտ: Զորացրվել է:

Ըստ մեղադրանքների՝ այս բժիշկների բացթողումներն ու թերացումները հանգեցրել են պատվաստում ստացած նորակոչիկի առողջական վիճակի վատթարացման, և զինվորը մահացել է:

Ամեն ինչ սկսվել է… պատվաստումից. զինվորին պատվաստել են, ինչից հետո նրա օրգանիզմը հետպատվաստային ռեակցիա է տվել, ջերմության բարձրացում է տեղի ունեցել: Նրան ջերմիջեցնող են տվել ու արձանագրելով վիճակի բարելավում՝ ՊՆ հավաքակայանի բուժկետից ճանապարհել են Արցախ:

Ջերմություն ունեցող նորակոչիկը դեկտեմբեր ամսին 16-17 ժամ ճանապարհին է եղել, նրա վիճակը գնալով վատացել է:

Ըստ մեղադրանքների՝ ՊԲ հավաքակայանի բուժկետում ու ՊԲ զինվորական հոսպիտալում չեն կատարվել անհրաժեշտ շատ հետազոտություններ, մասնավորապես՝ կրծքավանդակի ծավալուն ռենտգեն հետազոտություն, իսկական ախտորոշումը չի գտնվել, նույնիսկ վիճակի ծանրության աստիճանը բավական անորոշ է նշվել՝ «մոտ՝ բավարարին», դինամիկ հսկողություն չի իրականացվել, բուժման տակտիկան հիվանդ զինվորի իրական վիճակին համապատասխան չի ընտրվել:

ՊԲ Իվանյանի անվան հոսպիտալում զինվորին ընդունել է բժիշկ Չախոյանը, նախնական զննում է կատարել, ախտորոշել է՝ հետպատվաստային ռեակցիա, նախնական նշանակումներ են արվել, և հիվանդը տեղափոխվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրա վիճակը շեշտակի կերպով վատացել է:

Օրը շաբաթ է եղել, հոսպիտալում հերթապահ բժիշկը եղել է վերակենդանացման բաժանմունքի պետը, ով ահազանգել է հոսպիտալի պետ Ս. Օհանյանին, երբ նորակոչիկի վիճակը կտրուկ վատացել է:

Հերթապահ բժիշկը Նորայրին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, միջոցներ է ձեռնարկել վերակենդանացման ուղղությամբ, բայց արդեն ուշ է եղել: Քանի որ այդ օրը շաբաթ է եղել, բժիշկներն աշխատել են մինչև ժամը 14-ը:

Նորայրի ջերմությունը հասել է 39,6 աստիճանի, ջերմիջեցնող միջոցներով ջերմությունն իջեցվել է մինչև 37 աստիճան:

Նորայրի՝ հոսպիտալ ընդունված պահին հոսպիտալի ռենտգեն և ֆլյուորոգրաֆիայի ապարատները չեն աշխատել, դրանք Երևան էին բերվել նորոգելու:

Նորայրի մահից հետո շտապ ռենտգեն հետազոտության է ենթարկվել նրա հետ հոսպիտալ ընդունված երկրորդ հիվանդ նորակոչիկը. վախեցել են, թե կարող էր հավաքակայանից բերված ինֆեկցիա լինել…

Նորայր Սահակյանի մահից հետո կատարվել է ծառայողական քննություն, բացահայտվել են Իվանյանի անվան հոսպիտալում առկա բացեր ու թերություններ, որոնք վերացվել են, իսկ ռենտգեն ապարատները, որ երկու ամիս Երևանում էին, անմիջապես նորոգվել և տարվել են հոսպիտալ:

Ցավոք, այդ ամենը եղել է նորակոչիկի մահից հետո…

Նորակոչիկ Նորայր Սահակյանի մահը պայմանավորված է եղել պատվաստումից հետո զարգացած բրոնխոպնևմոնիայով, ապա՝ տրոմբոէմբոլիայի առաջացումով:

Պատվաստումից մինչև զինվորի մահը 27 ժամ է տևել, վերջում հիվանդի վիճակի արագընթաց ու ծայրահեղ վատացում է եղել՝ օրգանիզմի պաշտպանական գործընթացների խանգարում էր տեղի ունեցել…

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով Մհեր Դավիդյանցին արդարացրել է: Դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ միայն մեկ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով, որով Մհեր Դավիդյանցը, Կարեն Ջուլհակյանը, Արկադի Չախոյանը մեղավոր են ճանաչվել, դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ կիրառվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ի Համաներման 4-րդ կետի 1-ին ենթակետը, նրանք երեքն էլ ազատվել են պատժի կրումից:

Իրական պատժի կրումից համաներումով ազատված ամբաստանյալ բժիշկներն ու նրանց շահերի պաշտպանները դժգոհ էին մնացել դատավճռից: Երեք ամբաստանյալների շահերի պաշտպաններն էլ բերել էին վերաքննիչ բողոքներ, որոնց հիմնական պահանջը դատավճռի բեկանումը, իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատական ակտի կայացումն է:

Վերաքննիչ բողոք էր բերել նաև մեղադրողը՝ պահանջելով Մհեր Դավիդյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով արդարացման մասով բեկանել դատավճիռը, այդ մասով ևս Դավիդյանցին մեղավոր ճանաչել, հանցանքների համակցությամբ նշանակել 4 տարի ազատազրկում՝ մեկ տարով զրկելով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից և 2013 թվականի համաներման կիրառումով ազատել հիմնական պատժի կրումից:

Վերաքննիչ քրեական դատարանում կողմերը բավական մանրամասն ներկայացրել են իրենց դիրքորոշումները, բողոքների քննությունը տևել է մեկ տարուց ավելի…

Քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը Մ. Պետրոսյանի նախագահությամբ բավարարեց ամբաստանյալ Մհեր Դավիդյանցի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանի և ամբաստանյալ Արկադի Չախոյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքները և արդարացրեց նրանց պաշտպանյալներին:

Այսպիսով՝ Մհեր Դավիդյանցն ու Արկադի Չախոյանը, գործի տևական քննությունից հետո, ոչ թե համաներմամբ պատժից ազատվածի կարգավիճակով մնացին, այլ՝ լիովին արդարացվեցին:

Վերաքննիչ դատարանը մերժեց մեղադրող դատախազի և ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորիկ Նորիկյանի բողոքները:

Փաստորեն, վերաքննիչ դատարանը նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան հետ պատճառահետևանքային կապ է արձանագրել միայն բժիշկ Կարեն Ջուլհակյանի գործողություններում՝ վերջինս է ՊՆ հավաքակայանի բուժկետում արձանագրել պատվաստումից հետո նորակոչիկի ջերմության բարձրացումը, նրան ջերմիջեցնող է տվել, սակայն չի հոսպիտալացրել, և նորակոչիկը դեռ չկարգավորված ջերմությամբ ավտոբուսով ճանապարհվել է Արցախ…

Կարեն Ջուլհակյանի մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ՝ նա մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է 4 տարի ազատազրկման ու 2013 թվականի Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ ազատվել է պատժից:

Վերաքննիչի երեք դատավորներից մեկը՝ Մ. Պապոյանը, այս գործով հատուկ կարծիք է գրել. ըստ Մ. Պապոյանի՝ պետք է արդարացվեին բոլոր երեք ամբաստանյալները՝ այդ թվում՝ Կարեն Ջուլհակյանը…

(Visited 88 times, 1 visits today)