«Բժիշկը սխալ բռնացրեց ցեմենտանյութը, լցվեց թոքերս. 8 օր կենաց-մահու կռիվ եմ տվել». քաղաքացի

MAMUL.am-ը շարունակում է բողոքներ ստանալ տարբեր բուժհաստատություններից տուժած քաղաքացիներից: Մեզ զանգահարած հերթական քաղաքացին 61-ամյա Ալիսա Արտուշի Հարությունյանն է, ում հետ տեղի ունեցածը մեր թղթակիցն ամբողջությամբ գրի է առել:

«Ողնաշարի հետ կապված գանգատներ ունեի: Ամռանը «յամեր» (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություն անցա, իմացա ողնաշարի ճողվածք ունեմ: Գնացի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն՝ Լևոն Ռուբենի Հարությունյանի մոտ, որը Նյարդաուռուցքաբանության բաժանմունքի վարիչն է: Ինձ հետ խոսեց, ասաց՝ դու «հեմանգիոմիա» ունես, ողնաշարիդ «դիսկերը» շատ բարակած են, ինչի համար նախ անհրաժեշտ է ցեմենտային միջամտություն իրականացնել: Հարցրեցի՝ եթե չարվի, ի՞նչ կլինի, ասաց՝ եթե հանկարծ ոտքդ սայթաքի ընկնես՝ կարող է ողնաշարդ փշրվի, դու էլ գամվես սայլակին, դառնաս ինվալիդ: Ես վախեցա, նա նաև ասաց, որ մի նյութ կա, այդ նյութը ներակում ենք՝ ողնաշարդ ամրանում է: Ինձ ասացին, որ դա բժշկական տերմինալոգիայով կոչվում է «ցեմենտ», ինչն ամրացնող հատկություն ունի: Ասաց՝ մի օր դրա համար կպառկես, մյուս օրն էլ ողնաշարդ կվիրահատենք: Համաձայնեցի: Ասաց, որ պետք է 1 մլն 100 հզր դրամ վճարեմ: Գնացի բանկից այդքան գումար վերցրեցի, որ սկսեմ բուժումը: Այդ գործողությունն անելու ընթացքում բժիշկը սխալ բռնացրեց այդ նյութը, ջրիկ արեց, ինչի պատճառով ցեմենտը գնաց, լցվեց թոքերիս մեջ: Ես ուղիղ ութ օր վերակենդանացման բաժնում մահու-ապրելու կռիվ եմ տվել, ամեն շնչիս համար պայքարում էի…»:

Հարցին՝ արդյոք փորձե՞լ է սխալ միջամտությունից հետո խոսել բժշկի հետ, հասկանալ ինչպես դա տեղի ունեցավ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ փորձել է, սակայն բժիշկը կոպտել է իրեն՝ ասելով, որ քեզ ոչինչ չի եղել: «Ասում եմ՝ բա որ բան չի եղել, էդ ո՞նց է 8 օր վերականդանացման բաժնում, ապարատի տակ պառկած եմ եղել… ամբողջ հիվանդանոցը խառնվել էր իրար, մերոնք ահուդողով, լացուկոծով, մեր ազգուտակը այնտեղ թափված՝ կռիվ-պատերազմի մեջ էր, աղջիկս ասաց՝ բոլորիդ կնստացնենք, եթե մամայիս մի բան եղավ՝ բոլորդ բերդ եք գնալու… դրանք խառնվել էին իրար»:

Ա. Հարությունյանի կարծիքով, բժիշկները սխալ էին այնքանով, որ այդ միջամտության բացասական հետևանքների մասին չէին զգուշացրել. «Ես իրենց հարց տվեցի՝ ինչո՞ւ ինձ չէիք նախապատրաստել, որ կարող է էսպիսի հետևանքեր լինեն: Ընդհակառակը, ինձ ասում էին՝ 15 րոպեի պատմությունա, ոչ մի բան էլ չի լինի… Ես բժշկին ասացի՝ այդ գումարը ետ վերադարձրեք, որպեսզի կարողանամ շարունակել բուժումս, ստուգումների գնամ, թոքաբանների հսկողության տակ պետք է լինեմ, ինձ որտեղի՞ց գումար, ասաց՝ ինձ փող չես տվել»:

«Ես գնացել եմ դատախազություն՝ բողոք ներկայացրել, որ 4 ամիս է՝ ինձ էս օրն են գցել, և օրերից մի օր չեն էլ զանգել հարցրել՝ ո՞նց ես, ի՞նչ եղար: Տեսա չեն զանգում, չեն հետաքրքրվում, ես էլ ինձ լավ չէի զգում, վեր կացա, գնացի, ասացի՝ բժիշկ, ես ինձ վատ եմ զգում, ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, ի՞նչ է լինելու իմ հետագա ճակատագիրը՝ ախր էդ ցեմենտանյութը թոքերիս մեջ է լցվել. ասաց՝ ինչի՞ ես եկել, ասացի՝ ո՞նց, բա դուք չասացի՞ք, որ 6 ամիս մեր հսկողության տակ կլինեք, կգաք՝ եթե գանգատ կունենաք: Ասաց՝ հա, ասել եմ քո փողերով գնա ստուգման, արի արդյունքներն ասա: Ասացի, որ ես իմ փողերով պետք է ստուգման գնամ, էլ խի՞ եմ գալիս քեզ մոտ արդյունքները ասում: Հետո էլ, թե՝ գնա, ինչ ուզում ես արա: Ասացի՝ կդիմեմ ոստիկանություն, լրատվամիջոցներին: Պատասխանեց՝ գնա, ինչ ուզում ես արա, մեզ հետ գործ չունես, փորձանք ա եղել ա: Ասացի՝ դուք իմ կյանքի հետ եք խաղացել՝ էդքան հանգիստ ո՞նց եք ասում՝ փորձանք է եղել…Դրանից հետո, գնացել եմ Էրեբունի հիվանդանոց՝ թոքաբանի մոտ: Այդ բժիշկն իմ վիճակը տեսնելով, ասաց՝ տիկին ջան, խնդրում եմ, դատի տվեք դրան, որ քեզ պես շատ մարդկանց կյանքերի հետ է խաղում: Եթե իր ուժերից վեր էր, թող չհամաձայներ այդ գործն անել»:

Այնուհետև, մեր զրուցակիցը գնացել է «Արթմեդ» հիվանդանոց, խորհրդակցել թոքաբան Աշոտ Կորյունիչի հետ: «Տեղեկանալով իմ հետ կատարվածի մասին, նա ասաց. «Տիկին ջան, 50 տարվա թոքաբան եմ, էսպիսի բան իմ պրակտիկայում ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել, ո՛չ էլ պատկերացնում եմ, թե ինչպես է նման բան եղել»: Մի խոսքով՝ ուր գնացել եմ, ասում են՝ գնա, դատի տուր»,- պատմում էր Ա. Հարությունյանը:

Նա նշեց, որ մեկ ամիս առաջ դատական հայց է ներկայացրել վերոնշյալ ԲԿ-ի բժիշկ Լ. Հարությունյանի դեմ և այս պահին գործը քննչականում է:

Տուժած քաղաքացին մեզ հետ զրույցում ասաց, որ բժշկից պահանջում է ետ վերադարձնել իր բուժման համար վճարած ողջ գումարը, քանի որ այն իրեն հիմա առավել քան անհրաժեշտ է: «Անկեղծ ասած՝ իրենք եթե մարդկություն և ազնվություն ունենան, իմ ծախսած գումարից ավելին պետք է ինձ փոխհատուցեն, քանի որ այս պահի դրությամբ իրենց սխալների պատճառով ես շարունակում եմ բուժում ստանալ, հետազոտությունների գնալ, իսկ Հայաստանում գիտեք, ինչ արժեն դրանք…Վերջին անգամ, որ գնացի ցուցմունք տալու, քննիչն ինձ ասաց, որ պետք է փորձաքննության ուղարկեն ինձ, ասացի՝ ես այնքան ուրախ կլինեմ, միայն թե իմանամ, ի՞նչ է սպասվում ինձ»:

Ինչպես վերևում ենք նշել, MAMUL.am-ի խմբագրություն դիմած քաղաքացի Ալիսա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ողնաշարի ճողվածքի բուժման համար հիվանդանոցի դրամարկղում վճարել է 1մլն 100 հզր դրամ, որից միայն 700 հազարը ցեմենտանյութի արժեքն է:

Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիրների լրատվամիջոցն անդրադարձել է իր՝ «Ֆանարջյան» կենտրոնի բժիշկները «կիստայի» փոխարեն «չարորակ ուռուցք» են ախտորոշել՝ հաշմանդամ դարձնելով կնոջը և «Անպատասխանատու «բժշկի» չհիմնավորված միջամտության պատճառով ես նույնպես դարձա գրեթե հաշմանդամ» հրապարակումներում:

Կից ներկայացնում ենք Ալիսա Հարությունյանի բժշկական փաստաթղթերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն (+374(10)55-20-59) կամ գրել նամակ (info@mamul.am):

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է

Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունը

https://mamul.am

(Visited 295 times, 1 visits today)