Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը. Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվեց և Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: Այսօր նա կկալանավորվի»,- ասաց Մուրադյանը և հավելեց, որ որոշումը հիմնավոր և օրինական էր:

Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելուհամար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

http://www.lragir.am

(Visited 36 times, 1 visits today)