ՎԵՐՋԱՊԵՍ։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել մի շատ կարևոր հարցի շուրջ և որոշում են կայացրել հստակ քայլեր ձեռնարկել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել:

Հայտնի է, որ ՄԽ համանախագահները սկզբում առանձին-առանձին, հետո միասին հանդիպել են արտգործնախարարների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին:

Նշվում է, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան մասնակիցների հետ քննարկել է բանակցությունների արդյունքները: Բացի այդ, ՄԽ համանախագահներն այցելել են Ելիսեյան պալատ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դիվանագիտության գծով խորհրդականներին ներկայացրել են բանակցությունների արդյունքները:

Համանախագահները Մնացականյանին ու Մամեդյարովին հայտնել են՝ որքան են գնահատում կողմերի գործադրած ջանքերն արդյունավետ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտը պահպանելու ուղղությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

Հանդիպումների ընթացքում համանախագահներն արտգործնախարարների հետ ուսումնասիրել են ընթացիկ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները:

Արտգործնախարարներն ու համանախագահներն ուսումնասիրել են նաև բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հավանական հանդիպմանն ուղղված հետագա քայլերը:

Համանախագահներն ընդգծել են նաև տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման նպատակով հավանական փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարևորությունը:

Նշվում է, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում հանդիպել երկու պետությունների ղեկավարների հետ:

(Visited 54 times, 1 visits today)