Այսօր՝ հունվարի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ավելի ուշ գիտակցության չգալով՝ մահացել է։
Միաժամանակ հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել այլ անձ՝ 31-ամյա Կամո Քալաշյանը։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ հիշյալ 2 անձինք հիվանդանոց են տեղափոխվել միեւնույն վայրից:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ 41-ամյա Գարուշ Մարությանն է եղել: Բացի հրազենային վնասվածքներից, նրա մոտ կտրված է եղել մեկ ականջն ու բացակայել է մյուսի կեսը:
Ավելի ուշ պարզվել է, որ կրակոցները հնչել են Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ՀԺ-ին հասած տեղեկությունների համաձայն, կատարված հրաձգությունը վենդետա է, վրեժխնդրության արդյունք: