Պարտք ունեմ տալու, հետո հետ կգամ ու մեր ձեռքերով, մեր ուզածի պես կկառուցենք մեր տունը, մեր գոմը, մեր փողոցը, մամա՛.Զինվորի նամակը

Զինվորի նամակը

-Երբ մարտի դաշտում մի պահ դադար լինի, ծնկի կգամ խաղաղված հողին, մեղմ կփակեմ աչքերս ու կլսեմ հեռվից` մեր տան մոտերքից,
եկող քամու ձայնը։

Կքաշեմ քո թարմ թխած լավաշի հոտը, կհամբուրեմ հողից ու արևից ճաքճքված ձեռքերդ, գլուխս կդնեմ ծնկիդ գոգնոցին ու հինգ րոպե կննջեմ, իմ թա՛նկ ՄԱՄԱ։ Այնպես կննջեմ, որ պատերազմն ինձ մոռանա, ես` պատերազմին…
Հետո ամուր կգրկեմ դարդից կքված ուսերդ, քեզ ամուր կսեղմեմ կրծքիս, իմ հզո՛ր ՊԱՊԱ, այնպես կսեղմեմ, որ զգաս` որդիդ հետը մարտի դաշտ է տարել քո խիղճն ու քո ցասումը, քո փայ հայրենիքն ու քո կարոտը, քո վրեժն ու ապագայի նկատմամբ քո հավատը։

Կներես, պա՛պ, որ քեզանից թաքուն ծխում էի…
Հետո ամուր կգրկեմ քո բարակ մեջքը, իմ միակ, իմ անուշ, իմ բալիկի համո՛վ մայրիկ, այնպես ամուր կգրկեմ, որ ցավից զարմացած աչքերդ անգամ իմ աչքերում կտեսնեն այն անհագ կարոտն ու սպասումը, որ նկարիդ հետ պահում եմ կրծքիս մոտիկ` իմ գրպանում։

Հետո կմոտենամ բալիկիս օրորոցին…, կքաշեմ նրա հոտն ու չեմ կշտանա։ Կշնչեմ նրա դեմքին, այնպես, որ չռած աչքերի մեջ կտեսնեմ իմ աշխարհը, այն աշխարհը, որտեղ իմ հայրենիքն է` ազա՛տ, անկա՛խ, հպա՛րտ ու հոգատար…
Ու նորից մարտի՛, այնտեղ, որտեղ ամեն ինչ պարզ է, որտեղ ընկերը բարեկամ է, թշնամին` ոսոխ, որտեղ մայր հողը քոնն է, դու՝ մայր հողինը։
Պարտք ունեմ տալու, հետո հետ կգամ ու մեր ձեռքերով, մեր ուզածի պես կկառուցենք մեր տունը, մեր գոմը, մեր փողոցը, մամա՛…

Մուշեղ ԲԱԲԱՅԱՆ

(Visited 33 times, 1 visits today)