Դավիթ Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում. Սասուն Միքայելյանը կապ չունի Օմարի լեռնանցքի հանձնման հետ. Կորյուն Ասատրյան

«Ես միանշանակ կարող եմ ասել, որ Դավիթ Շահնազարյանը չի տիրապետում 1993 թվականի դեկտեմբերի վերջերին կատարվող գործողություններին, որոնք վերաբերում են Օմարի լեռնանցքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1993 թվականի ապրիլի 14-ից Օմարի լեռնանցքի առաջնագծի պատասխանատու, գումարտակի հրամանատար Կորյուն Ասատրյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Օմարի լեռնանցքը հանձնել է Սասուն Միքայելյանը, և Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար:

Շահնազարյանի այդ հայտարարությանը արձագանքել է նաև Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ մինչև ինքը հասել է Օմարի լեռնանցք, արդեն գործողությունները ավարտված են եղել։ Ի պատասխան Միքայելյանի այս պնդումների՝ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Շահնազարյանը Սասուն Միքայելյանին անվանեց ստախոս՝ վերահաստատելով, որ Օմարի լեռնանցքը հակառակորդին զիջել է հենց Միքայելյանը։

«Դրանք կեղծ լուրեր են։ Սասուն Միքայելյանը կապ չունի Օմարի լեռնանցքի հանձնման հետ։ 1993 թվականի դեկտեմբերի 2-ին Հրազդանից ջոկատը եկել է Օմարի լեռնանցք, իմ զորախմբին փոխարինել է, և պաշտպանության ամբողջ ոլորտը մնացել է Հրազդանից եկած այդ ջոկատի վրա, որի հրամանատարը այլ մարդ է եղել, ոչ թե Սասուն Միքայելյանը։

Թշնամին կարողացել է դեկտեմբերի 28-29-ի լույս գիշերը հայկական դիրքերը գրավել, այնտեղ եղել են զոհեր, այդ թվում՝ մեկ հոգի Հրազդանից։ Եթե իրենք Սասուն Միքայելյանի հետ այլ խնդիր ունեն, թող ասեն, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Սասուն Միքայելյանը Օմարի լեռնանցքի հանձնման հետ կապ չունի»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ ցավ է ապրում, որ այսօր այդքան շահարկում են նաև արժանահիշատակ Վազգեն Սարգսյանի անունը, ում շնորհիվ էլ հենց հնարավոր է դարձել Օմարի լեռնանցքի հետգրավումը:

«Հիմա Դավիթ Շահնազարյանն ասում է, թե իբր Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին։ Բայց դա ինչպես կարող էր լինել, եթե Վազգեն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ Սասուն Միքայելյանը չի եղել Օմարի լեռնանցքում գտնված ջոկատի հրամանատարը»,- ասաց Կորյուն Ասատրյանը՝ հավելելով, որ բոլորն էլ շատ լավ գիտեն ճշմարտությունը, բայց միտումնավոր կեղծում են այն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

(Visited 236 times, 1 visits today)