Փաշինյանը ոչնչացնում է ՀՀԿ-ին մինչեւ վերջին խազը. Նրանք չեն լինելու խորհրդարանում. Մարուքյան

Այսօրվա ընդդիմությունը վաղվա իշխանությունն է, իսկ ՀՀԿ-ն չի կարող լինել ապագա իշխանություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած հանրահավաքում, լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«ՀՀԿ-ն չի էլ հեռացել իշխանությունից, Հայաստանի համայնքների կեսը ՀՀԿ-ական գյուղապետեր են: Մարդիկ դեռ չեն հեռացել իշխանությունից, ասում են՝ մենք կարող ենք լինել լավ ընդդիմություն: Վանաձորի քաղաքապետը ՀՀԿ-ից է, այո, դա կարող է ազդել ընտրությունների վրա: ՀՀԿ-ն թալանչիների անուններ չի տալիս: Թող 5 թալանչու անուն ասեն, չեն ասում, զղջման խոսք չկա:

Ժողովուրդը մերժել է Սերժ Սարգսյանին, հիմա պետք է մերժի Սերժ Սարգսյանի ընկերներին»,-հայտարարեց Մարուքյանը:

Մարուքյանը չհամաձայնեց տեսակետին, ըստ որի Նիկոլ Փաշինյանը անընդհատ քննադատելով ՀՀԿ-ին, հող է ստեղծում, որ ՀՀԿ-ն անցնի խորհրդարան. «Ոչ, ընդհակառակ, ոչնչացնում է նրանց մինչեւ վերջին խազը: ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, նրանք այլեւս արտախորհրդարանական ուժ են, որը Հայաստանի բազմաթիվ քաղաքներում ունի մեծ թվով սեփական շենքեր, շինություններ, գրասենյակներ, ռեսուրս»:

Ինչ վերաբերում է թալանված գումարները վերադարձնելուն, Մարուքյանն ասաց. «Ես գումարները վերադարձնելու կողմնակից եմ միայն դատական թափանցիկ, օրենքի տառը պահպանելով գործընթացներով»: Այդ ուղղությամբ իշխանությունների ջանքերը Մարուքյանն այսօր բավարար է համարում, սակայն կարծում է, որ դեկտեմբերի 9-ից հետո դրանք բավարար չեն լինելու, քանի որ արդեն Փաշինյանն ունենալու է խորհրդարանական մեծամասնություն:
Լուրեր Հայաստանից — NEWS.am

(Visited 278 times, 1 visits today)