Ինչպես Փաշինյանի հետ հեռախոսազրույցից 10 րոպե հետո ԱԱԾ-ականները հայտնվեցին ու պահանջեցին Նիկոլին եթեր չտալ․Դերենիկ Մալխասյան

Ասում է՝ ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին, և սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի։

Ակնհայտ է, որ ցանկության դեպքում էլի կարող է խոսել, ու Հայաստանում գործող բոլոր ԶԼՄ-ները կգնան լուսաբանելու։

Բայց ահա, օրինակ, 2008թ․ նախագահականից մամուլի ակումբներին, հեռուստաընկերություններին հրահանգված էր չլուսաբանել Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին, լուսաբանողներին էլ դաժան պատժում էին։

Հենց 2008թ․ էր, երբ Քոչարյանի իշխանությունը սպառնում էր փակել մարզային ԳԱԼԱ հեռուստաընկերությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու ու Նիկոլ Փաշինյանին եթեր հրավիրելու համար։

Անձամբ եղել եմ այդ գործընթացներում ներգրավված ու իմ մաշկի վրա եմ զգացել, թե Քոչարյանի օրոք ինչպես էր ճնշում խոսքի ազատությունը։ Ինչպես իմ ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցությունից 10 րոպե հետո ԱԱԾ-ականները հայտնվեցին հեռուստաընկերությունում ու պահանջեցին Նիկոլին եթեր չտալ։

Ինչպես էր 40 մլն դրամով անհիմն տուգանում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ինչպես էր մեսիջներ ուղարկում, որ Հովիկ Աբրահամյանի բանդաներին հրահանգված է ներխուժել հեռուստաընկերության գրասենյակ՝ ծեծ ու ջարդ կազմակերպելու և արխիվները ոչնչացնելու համար։ Ինչպես էր նախագահականից եկած հրահանգով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անջատում հեռուստաընկերության հաղորդակը։

Կարող եմ երկար պատմել այդ օրերին սերժաքոչարյանական իշխանության ապօրինությունների մասին՝ ուղղված ազատ խոսքը լռեցնելուն։
Ուստի կարծիք լռեցնելուց ու հակաժողովրդական դրսևորումների մասին մի խոսեք, չի լսվում մի տեսակ։

Դերենիկ Մալխասյան. Ֆեյսբուք

(Visited 957 times, 1 visits today)