Զատուլին. Դժվար է ստիպել Ալիևին լռել և չխոսել…

Դժվար է ստիպել Ալիևին լռել և չխոսել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի, այս կառույցին Հայաստանի անդամակցման մասին։ Ի վերջո, նա ինքնուրույն, չափահաս մարդ է, և թվում է, թե այս հարցերին խցկվելն իմաստ չունի, բայց հաշվի առնելով լարված փոխհարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, դժվար է չհավատալ, որ նա դիտավորյալ է այդպես վարվում, որպեսզի վատություն անի Հայաստանին։ «Առաջին լրատվական»

-ի հետ զրույցում խոսելով ՀԱՊԿ-ի ճգնաժամի և կազմակերպության ներքին հարցերին Ադրբեջանի միջամտության մասին՝ այսպիսի գնահատական տվեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

– Պարոն Զատուլին, Ձեր կարծիքով՝ ի՞նչ լուծում կտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին։ Այն կլուծվի իրավակա՞ն, թե՞ այսպես ասած՝ քաղաքական դաշտում։

– Այս պարագայում շատ դժվար է սահմանել, թե ո՞րն է իրավականը և ո՞րն է քաղաքականը, որովհետև գլխավոր քարտուղարի նշանակումը քաղաքական կազմակերպությունում, անշուշտ, քաղաքական հարց է։ Այն պետք է լուծվի այդ կազմակերպության կանոնադրության համապատասխան։ Եվ սա հենց այն դեպքն է, երբ կանոնադրության մեջ սահմանված չէ, թե նման դեպքերում ինչպե՞ս պիտի լուծվի խնդիրը, և դա ինտրիգ է առաջացնում, որը, ինչպես գիտեք, ձգվելու է առնվազն մինչև դեկտեմբերի 6-ը։ Իմ անձնական կանխազգացումն այն է, որ ամենայն հավանականության իրավիճակը կսառեցվի, և նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնավարման համար տրամադրված մնացած ժամանակում գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի իրականացնել պաշտոնակատարը։ Բայց սա ընդամենը կանխազգացում է։

– Դա, այսպես ասած, փոխզիջումային տարբերակն է։ Այսինքն՝ Ռուսաստանն առաջարկում է պաշտոնակատար թողնել Սեմերիկովին, ոչ թե նշանակել Հայաստանի կամ Բելառուսի ներկայացուցչին։

– Դա ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, քիչ թե շատ անցավ տարբերակն է բոլորի համար։ Ցանկացած այլ տարբերակ, օրինակ` այն, ինչ առաջարկում է Հայաստանը կամ այն, ինչ առաջարկում է Բելառուսը, հղի վեճերով, պառակտումներում։

– Այնուամենայնիվ, կոնֆլիկտը շատ սրվեց։ Նույնիսկ տեսնում ենք, որ այն տեղափոխվեց հրապարակային հարթություն։ Լուկաշենկոն չգիտես՝ ինչու այդ հարցը քննարկեց Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից։

– Այո, ես չեմ ուզում խտացնել գույները կամ յուղ լցնել կրակին։ Ակնհայտ է, որ տեղի ունեցածը՝ գլխավոր քարտուղարի փոխարինումը, շատ անսպասելի էր Ռուսաստանի համար։ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի շուրթերով։

Հայկական կողմը, ինչպես գիտենք, ելնում էր իր տրամաբանությունից և առանձնակի ուշադրություն չդարձրեց մեր նախազգուշացումներին։ Հետո՝ Աստանայի հանդիպման ընթացքում, այս հարցը, որը թվում է, թե ընդամենը տեխնիկական հարց է, բավական լուրջ հնչեղություն ստացավ։ Եվ վերջապես այն, ինչը դուք ինքներդ ասացիք՝ հարցը տեղափոխվեց հրապարակային դաշտ։ Իմ կարծիքով՝ ոչ այնքան հաջող ձևով, որովհետև ոչ ոք չի կարող արգելել նախագահ Լուկաշենկոյին կարծիք հայտնելու որևէ հարցի վերաբերյալ, բայց ցանկացած մարդ կարող է գնահատել, թե որքանո՞վ էր տեղին այդ թեման քննարկել Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Դա անցանկալի սրացումներ հաղորդեց այս պատմությանը, ու հետո մենք դա տեսանք։ Իսկ հետո՝ ամեն փուլի ժամանակ, կարող ենք ասել՝ իսկ պե՞տք էր արդյոք սա անել, պե՞տք էր արդյոք նա անել, պե՞տք էր արդյոք այս մարդուն դա ասել, և պե՞տք էր արդյոք մյուսին արձագանքել, պե՞տք էր արձագանքել այդ արձագանքին այս ձևով կամ այն ձևով։

Դա կարելի է շարունակել մինչև անվերջություն։ Բայց այդ վեճն անվերջ շարունակելը չի բխում, համենայնդեպս, Ռուսաստանի շահերից, որը հանդիսանում է կազմակերպության գլխավոր մասնակիցը գործադրվող ջանքերի, հնարավորությունների տեսանկյունից։ Եվ ինձ թվում է, որ այս իրավիճակում տրամաբանական կլիներ, որպեսզի չշարունակել բոլորին իրավացիների և սխալների բաժանելը, քանի որ խոսքը պետությունների մասին է։ Պետք է պարզապես հնարավորություն տալ ներկայումս պաշտոնակատարի պարտականությունները կատարողին շարունակել այդ դերը մնացած մեկուկես տարիներին։

– Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք Ադրբեջանի գործոնի մասին այս գործընթացում։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանի համար միևնույն չէ, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հետո ավելացրեց, թե Հայաստանն է ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրը։ Այս երկիրն ընդհանրապես կապ չունի ՀԱՊԿ-ի հետ։

– Գուցե Ադրբեջանի նախագահը որևէ բանի հանդեպ անտարբեր չէ, և կրկին իր իրավունքն է որոշել՝ ինչն է իր համար կարևոր, ինչը՝ ոչ։ Այլ հարց է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ և այս իմաստով որևէ պատասխանատվություն չի կրում այս կազմակերպության գոյության և կառույցի պաշտոնյաների աշխատանքի համար, և այս հարցերի մեջ խցկվելը, թվում է, թե անիմաստ է։ Բայց հաշվի առնելով լարված փոխհարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, դժվար է չհավատալ, որ նա դիտավորյալ է այդպես վարվում, որպեսզի վատություն անի Հայաստանին՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։

Այսպիսով, բավական դժվար է ստիպել Ադրբեջանի նախագահին լռել կամ դադարեցնել ելույթները այս թեմայի վերաբերյալ։ Նա ինքնուրույն, չափահաս մարդ է։ Այլ հարց է, որ Հայաստանում, ինձ թվում է, ժամանակին ծրագրելով այս ամենը՝ պետք է հասկանային, թե ինչի կարող է այն հանգեցնել։ Կարծում եմ՝ ցույցերը, դեմոնստրացիաները ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղին չեն, որովհետև այստեղ կան ոչ միայն Հայաստանի վստահելի դաշնակիցներ, այլև կան երկրներ, որոնք յուրովի են նայում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քննադատաբար են դրան վերաբերվում և այլն։ Այդպիսին է Բելառուսի, Ղազախստանի դիրքորոշումը։ Իսկ Ռուսաստանը ժամանակին, երբ որոշվում էր Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հարցը կամ քննարկվում էր ՀԱՊԿ-ի կազմը, իր հեղինակության և դիրքորոշման շնորհիվ հասավ նրան, որ որևէ մեկը չխոչընդոտել Հայաստանի անդամակցմանը այս կազմակերպություններին։ Իսկ Հայաստանն ինչ-որ պահի որոշեց, որ այդ ամենն իր գեղեցիկ աչքերի համար է արվում, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և դա միշտ կգնահատվի որպես ճիշտ քայլ։

Այդպես չէ, ցավոք սրտի։ Եվ Խաչատուրովի դեպքը դրա ապացույցն է։ Այն երկրները, որոնք հիացած չէին այն բանից, որ Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին կամ Եվրասիական միությանը,

— նկատի ունեմ Բելառուսին ու Ղազախստանին, որոնք առանձնահատուկ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ,

— օգտվեցին այս իրավիճակից՝ Հայաստանին որոշակի դաս տալու համար։ Ես դեմ եմ նրան, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված լինի մեր սեփական ներքին սխալներից կամ խնդիրներից։ Եվ Ռուսաստանը ևս դեմ է, որպեսզի այդ հարցերը բացասաբար ազդեն կազմակերպության վրա։ Եվ ինձ թվում է, որ մենք այսօր ստիպված ենք հանգցնել այն հրդեհը, որը մենք չենք սկսել։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

(Visited 51 times, 1 visits today)