Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ջախջախեց Ջիբրալթարին: Քիչ առաջ ավարտված Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրում հաղթեց 6:2:

Հանդիպման սկիզբը նյարդային ու շոկային ստացվեց ՀՀ համար: 3-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Արթուր Քարտաշյանը, իսկ 8-րդ րոպեին՝ Յուրա Մովսիսյանը: 10-րդ րոպեին էլ Ջիբրալթարը բացեց հաշիվը: Կենտրոնում սխալվեց Ռումյան Հովսեփյանը: Դարպասապահ Արամ Հայրապետյանը դուրս եկավ դարպասից՝ Անդրե դե Բարին թույլ տալով շրջանցել իրեն ու գրավել դարպասը: Հայաստանը, սակայն, կարողացավ ուշքի գալ ու շտկել իրավիճակը: 27-րդրոպեին պատասխան գնդակը խփեց Մովսիսյանը:

2-րդ խաղակեսի հենց սկզբում՝ 48-րդ րոպեին, Մովսիսյանն արդեն հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: Նա աչքի ընկավ նաեւ 52 եւ 54-րդրոպեներին՝ դառնալով պոկերի հեղինակ: Հավաքականի կազմում գոլերի քանակը նա հասցրեց 14-ի ու այդ ցուցանիշով հիմա զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին (26):

Հանդիպման 66-րդ րոպեին հավաքականի կազմում նորամուտը նշող Քարտաշյանը խփեց իր թիմի 5-րդ գոլը: Ջիբրալթարցիները եւս 1 գնդակ խփեցին, սակայն ավելին անել չկարողացան: 78-րդ րոպեին գոլն իր հաշվին գրանցեց Ադամ Պրիստլին: Հանդիպման վերջակետը ավելացված ժամանակում՝ 94-րդ րոպեին, դրեց Ալեքսանդր Կարապետյանը: 6:2, ու Հայաստանը միավորների քանակը հասցրեց 9-ի:

Զուգահեռաբար ընթացող խմբի մյուս խաղում Մակեդոնիան մրցակցի հարկի տակ 2:0 հաղթեց Լիխտենշտեյնին: Մակեդոնացիներն ունի 12 միավոր ու հաջորդ խաղում անգամ ոչ-ոքին նրանց համար կապահովի խմբում առաջին տեղը:

5-րդ տուրից հետո 4-րդ խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Մակեդոնիա 12 միավոր

2.Հայաստան 9 միավոր

3.Ջիբրալթար 6 միավոր

4Լիխտենշտեյն 3 միավոր

Խմբային փուլի վերջին՝ 6-րդ, տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: Նույն օրը տեղի կունենա նաեւ Մակեդոնիա-Ջիբրալթար խաղը: Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին: ՀՀ ընտրանու ելույթը կցուցադրվի Արմենիա TV-ի եթերում:

(Visited 162 times, 1 visits today)