Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։

Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ խորհրդային ընտրական օրենսգրքով։ Արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն:

Անկախության հանրաքվեի արդյունքները հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն էլ օրհնեց քաղաքացիների՝ անկախ երկիր ունենալու որոշումը:

Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում կանցկացվեն Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը։

Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ են լինելու։ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն։ Բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ։

Տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց այսօրս՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։

Այսօր նաև ընդունելություն կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։

Tert.am-ը Անկախության օրվա խորհրդի մասին զրուցել է ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ։ Արշակյանն անկախության մասին պաթետիկ պատկերացումներ չունի, քանի որ կարծում է, որ անկախությունը պետք է կապ չունենա տնտեսական խնդիրների հետ։ Նա գտնում է, որ այս ժամանակահատվածը՝ 30-40 տարին, ոչ թե անկախության, այլ հետխորհրդային տարիներ էին, քանի որ Հայաստանը մնացել էր փլատակի տակ։

«Անկախությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական, սոցիալական, ռազմական խնդիրների հետ, Սովետական Միությունը սառը պատերազմում պարտվեց և լուծարվեց և թողեց շատ վատ ժառանգություն։ Իսկ անկախությունը ժառանգություն ենք ստացել, որը մեզ մի տեսակ մխիթարում է, գոնե մեր ազգային արժանապատվությանը մի բան տալիս է։ Կարծում եմ՝ թյուրիմացություն է, որ մարդիկ անկախությանն են վերագրում տնտեսական ճգնաժամը, «Նաիրիտի» փակվելը, գազի գնի բարձրացումը, կրթության և գիտության վրա փող չծախսելը, քանի որ պարզապես փլուզման հետևանքով են առաջացել խնդիրները»,- ասաց նա։

Ազատ Արշակյանը ՀՀ-ն այս պահին էլ անկախ չի համարում՝ կիսանկախ է դիտարկում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն հիմա ներգրավված է վերականգնվող ՌԴ-ի մեջ, մաս է ԵԱՏՄ-ի, իսկ ՌԴ-ն սովետական իմպերիան վերականգնելու երազանք ունի։

«Կարծում եմ՝ ՀՀ-ը ոչ կամավոր կերպով շարունակում է անդամակցել հետադիմական տնտեսական ու քաղաքական համակարգին։ Այս իմաստով ՀՀ–ը անկախ չէ և հարկադրված  է ապրում այս կարգավիճակով, քանի որ պատերազմի, տարածքների կորստի սպառնալիքի տակ են ընդունել ԵԱՏՄ-ին մասնակից լինելու պայմանը»,- ընդգծեց Արշակյանը։

Միևնույն ժամանակ ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալը հայտարարեց, թե իր հույս այսօրվա սերունդն է: Նա համոզված է, որ  այս սերունդը կկարողան կիսանկախ ՀՀ դարձնել իսկապես անկախ Հայաստան։

«Այսօրվա սերունդը պայքարում է անկախության համար, իսկ խոսքումս համոզվելու համար պարզապես հարկավոր է երեկոյան դուրս գալ փողոց ու տեսնել, թե ինչպես են երիտասարդները, օրինակ, մասնակից լինում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։ Այսօր կա պայծառ, խանդավառ ու լավատես սերունդ, որն անպայման ՀՀ-ն ավելի անկախ, ժողովրդավար կդարձնի, ավելի ազատ ու բարգավաճ կդարձնի, ավելին՝ այս գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Ես լիահույս եմ, տեսնում եմ, մի քանի ամիս է՝ Հայաստանը մեր առջև կերպարանափոխվում է, Հայաստանին սկսում են հարգել։ Վերջին ամիսները հույս են ներշնչում, և այդ հույսը հիմք ունի, հույսը երիտասարդ սերունդն է, որն ազատություն է ուզում։ Եթե ուզում են, դրա համար նաև պայքարում են, ուրեմն՝ ազատություն կստանան»,- շեշտեց Ազատ Արշակյանը։

ԽՍՀՄ քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ վերջին քաղաքական փոփոխություններից հետո կարող է ասել, որ կանգնել ենք մեր երազած ՀՀ-ն ունենալու ճանապարհին: Ըստ նրա ՝ նախկինում այս օրն ինքը միշտ դժվարացել է ՀՀ-ն անկախ ու իր երազած երկիրը համարել:

«Գոնե մինչև վերջին շրջանը միշտ այս հարցին պատասխանելիս ասել եմ, որ այն անկախությունը, որը մենք ցանկանում էինք ունենալ, ցավոք սրտի, չունենք: Սակայն վերջին ամիսներին փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ-ում և այդ փոփոխություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ մենք այս պահին գտնվում ենք այն ուղու վրա, որը մեզ կարող է հանգեցնել այն Հայաստանին, որը մենք երազել ենք: Այսինքն՝ այսօր ուրախալի լուր եմ հաղորդում: Մենք երազել ու երազում են ունենալ մի պետություն, որը որևէ խնդիր չի ունենա հարևանների հետ, մի պետություն, որի բարձրագույն արժեքը մարդը կլինի»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:

Աղբյուր՝http://www.tert.am

(Visited 73 times, 1 visits today)