Այս գործի մեջ ներգրավված են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լյովա Սարգսյանը, և՛ Տիգրան Սարգսյանը․ գնալու եմ մինչև վերջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը։

– Պարոն Մարկոս, ՀՀ քննչական կոմիտեն երեկ տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝

«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության՝ առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։ Նշվում է, որ գործի շրջանակում Դուք ցուցմունք եք տվել, որում նշել եք նաև Սերժ Սարգսյանի անունը: Կներկայացնե՞ք մանրամասներ։

– Ես օգոստոսի 17-ի հանրահավաքից առաջ եկա Հայաստան։ Դրանից առաջ մեկ անգամ էլ էի եկել։ Թե՛ այս և թե՛ այն անգամ ես ցուցմունք եմ տվել։ Գործը թալանված «Կրեդիտ Երևան» բանկին է առնչվում։ Բանն այն է, որ բանկը սկզբից թալանել էին, բանկրոտի ենթարկել և մեկուկես տարի հետո ինձ վաճառել։ Եվ Սերժն է եկել ինձ խնդրել։ Այս գործի մեջ ներգրավված են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լյովա Սարգսյանը, և՛ Տիգրան Սարգսյանը։ Ես որոշակի բաներ արդեն ասել եմ քննիչներին։

Հիմա ներկայացնեմ պատմությունը. այդ բանկի տերը՝ Մարտին Հովհաննիսյանը, եկավ ինձ մոտ իր ընկերոջ հետ, որը փոխնախարար էր, և որին ես ճանաչում էի՝ Բուռնազյանի փեսան է։ Մենք ծանոթացանք, խոսեցինք, խնդրեց, թե ինձ մեկ մլն դոլար տվեք, խնդիրներ ունեմ, մեծ բանկ է մեր բանկը։ Ես տվեցի այդ փողը, հետո անցավ որոշ ժամանակ, էլի եկավ ինձ մոտ Մարտին Հովհաննիսյանն իր ընկերոջ հետ ու էլի փող ուզեց, երրորդ անգամ էլ առաջարկեց, թե՝ արի, մեր բանկը գնիր։ Այդ ժամանակ իմ մեջ կասկածներ առաջացան։ Դրանից հետո Մոսկվա եկավ Սերժ Սարգսյանը՝ Բաղդասարովի հետ։ Սերժ Սարգսյանն ասաց, որ բանկը վատ վիճակում է, փող է պետք անպայման, բանկը գնիր։ Մի խոսքով՝ խաբեցին, ես էլ մարդկայնորեն խոստացա, որ կօգնեմ։

Իմ բախտը բերեց, որ այդ ընթացքում ես եկա Երևան և բանկի ամբողջ արխիվը վերցրեցի հետս բերեցի Մոսկվա։ Երբ ես Երևանից հեռացա, նրանք իմ նկատմամբ հետախուզում հայտարարեցին։ Ես բանկի բոլոր փաստաթղթերը արդեն Մոսկվայում տվեցի քննչական կոմիտեին։ Այնտեղ ինձ ասացին, որ իրենք բանկը դեռ մեկ տարի առաջ սնանկացրել են ու այդ վիճակով ինձ են վաճառել, որի իրավունքը չեն ունեցել։ Դա բացահայտ խաբեբայություն է եղել։ Դրա համար իմ նկատմամբ հետախուզումը հանեցին։

Մինչ այդ ինձ հետևում էին։ Իմ՝ Մոսկվա գալուց մի քանի օր անց ինձ կանչեցին  Քննչական կոմիտե, ու երբ պարզեցին եղելությունը, իմ նկատմամբ հետախուզումը հանեցին. այստեղ կա փորձաքննական եզրակացությունը։ Այդ բոլորն արել է այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ, նաև Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ բանկը սնանկացած է, ինչո՞ւ ինձ չէր ասել։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն այդ տարիներին ոչ թե Ղարաբաղում էր, այլ անընդհատ Մոսկվայում էր։

– Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ սա արվում է, որովհետև կա հստակ քաղաքական պատվեր նախկին իշխանությունների նկատմամբ, և որ այս գործի հետ Սերժ Սարգսյանը ոչ մի կապ չունի, սա անհեթեթություն է։

– Գիտեք, նա ամբողջովին անտեղյակ է տեղի ունեցածից, դրա համար դատարկաբանում է։ Միաժամանակ փորձում է իրերի դրությանն իր անիրազեկությամբ արդարացնել իր «պատրոնին» և ապատեղեկացնելով հանրությանը՝ դա ներկայացնել որպես «հերթական թյուրիմացություն ու մառազմ»:

Շատ կցանկանայի նրան ցույց տալ քրեական գործի բոլոր հատորները, որոնք ավելի քան 16 տարի ուսումնասիրել են հայ եւ ռուս լավագույն քննիչները, և որոնք այդ ստուգումների արդյունքում պարզել են, որ ՀՀ իշխանությունների, մասնավորապես Տիգրան Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և հատկապես Սերժ Սարգսյանի կողմից իմ հանդեպ եղել է իմ ողջ ունեցվածքի շուրջկալային զավթում Հայաստանում:

– Դուք հույս ունեք, որ այս բոլոր գործերը կվերաբացվե՞ն։

– Այո, ավելին՝ ես գնալու եմ մինչև վերջ, դատի եմ տալու նրանց։ Իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն, նաև պետք է փոխհատուցում տան։ Գոյություն ունեն նորմատիվներ, տոկոսներ, և իրենք պետք է հետ տան իմ տոկոսները։ 18 տարի հետախուզում իմ նկատմամբ… պատկերացնո՞ւմ եք, և այս ամենը այն բանից հետո, երբ ես պատերազմի տարիներին արել եմ աննկարագրելի օգնություն։

Ի դեպ, նրանք այդ ժամանակ նաև իմ տան ուղղությամբ կրակեցին, նաև գրասենյակիս ուղղությամբ։

– Կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարում է՝ գալ ներդրումներ անել։ Հիմա պատրաստվո՞ւմ եք այսպիսի կոչերից հետո գալ և ներդրումներ անել Հայաստանում։

– Ես վստահում եմ նոր կառավարությանը, երիտասարդները կարող է ինչ-որ բաներ դեռ լավ չեն պատկերացնում, բայց նրանք ազնիվ են, խելացի։ Այո՛, կանեմ ներդրումներ։ Այստեղ գործարարները ճանաչում են ինձ, և եթե ասեմ՝ ինձ հետ կգան, ներդրումներ կանեն։ Պլանավորում եմ մեծ ներդրումներ Հայաստանում։ Մեր ժողովուրդն աշխատող է, ստեղծող, և եթե աշխատատեղեր լինեն, վստահ եմ՝ հավուր պատշաճի կաշխատեն։ Մեր հայերին միայն աշխատանք տուր՝ ամեն ինչ կանեն։ Ինչ աշխատանք էլ լինի՝ կաշխատեն, միայն թե առանց խաբեության, առանց սրիկայությունների։

Ես վերջին անգամ եկա, մասնակցեցի հանրահավաքին, ուզում էի լսել Նիկոլին, տեսնել՝ ինչ քայլեր է անելու։ Նա վստահություն է ներշնչում։

– Դուք պլանավորում եք ներդրումներ իրականացնել հիմա՞, թե՞ ընտրություններից հետո։

– Ես, իհարկե, ներդրումներ կանեմ միայն ընտրություններից հետո, երբ համոզվեմ, որ այս երիտասարդ կադրերը մնում են, որովհետև ինձ Նիկոլը դուր է գալիս, ես վստահում եմ նրան։ Նա աշխատող կադր է։ Իսկ ներդրումներ անելը կախված է ղեկավարությունից. դրա համար պետք է սպասել ընտրություններին։

Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

(Visited 1 142 times, 1 visits today)