Հրազդանը` ազատ գոտի, կստեղծվի 300 նոր աշխատատեղ

Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Էկոս» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշմանը:

«Այս որոշմամբ հաստատվում է այն քաղաքականությունը, որ ՀՀ տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա», — ասաց հարցով զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2043թ.-ը կներգրավվի շուրջ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021թ.-ը խոսք է գնում 50 շահագործողի մասին: Ծրագրի ընթացքում զուտ միայն կազմակերպչի կողմից սկզբնական փուլում ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում է շահագործողների կողմից: Կազմակերպիչը, նախնական հաշվարկներով, մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021թ. 15 մլն և հետագա տարիներին ևս 30 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կանխատեսվում», — ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ այս ազատ տնտեսական գոտին հիմնական երկու տարածք է ունենալու, արտադրական հատվածը՝ Հրազդանում, գրասենյակայինը՝ Երևանում:

«Սա կլինի Հայաստանում 4-րդ ազատ տնտեսական գոտին», — ասաց Արծվիկ Մինասյանը:

«Էկոս» փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարով ճանաչվեց ազատ տնտեսական գոտու շահագործող։

Ազատ տնտեսական գոտու մեկնարկը նախատեսվում է 1 տարվա ընթացքում:

(Visited 92 times, 1 visits today)