Ես ասել էի, որ Հայկ Մարությանը քաղաքապետի շատ լավ թեկնածու է. Նազիկ Ավդալյանը` ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու ասեկոսեների, ԲՀԿ-ի հնարավորությունների և այլ հարցերի մասին

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն ասեկոսեները, թե պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: Վերջինս, մասնավորապես, գրել է. «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ:

Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»: Factor.am-ի հարցին` որտեղի՞ց են գալիս այդ խոսակցությունները, Նազիկ Ավդալյանը պատասխանեց. «Ես ասել էի, որ Հայկ Մարությանը քաղաքապետի շատ լավ թեկնածու է, մենք հրաշալի հարաբերություններ ունենք: Ես նաև ողջունել էի նրա քայլերը:

Կարծում եմ` դա է խոսակցությունների պատճառը»: Խոսելով հետհեղափոխական Հայաստանում ուժերի հնարավոր դասավորվածության և ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի շանսերի մասին` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց. «Որպես մարզիկ` համոզվել եմ, որ որևէ բան կանխատեսելը շատ բարդ է: Բոլորն էլ ունեն շանսեր: Ընթացքում պարզ կլինի»:

Նազիկը նշեց, որ սպորտի հետ կապված խնդիրները միշտ պահելու է իր ուշադրության կենտրոնում, քանի որ լավ է տիրապետում: Գյումրեցի մարզիկի խոսքով` ինքն արդեն տասը տարի է, ինչ բնակվում է Երևանում և ծանոթ է մայրաքաղաքի մարզադպրոցների հետ կապված հարցերին, որոնք կփորձի բարձրացնել, եթե ընտրվի: Չնայած, ըստ նրա, այդ խնդիրներն ավելի մեծ են Գյումրիում և հանրապետության մարզերում:

Անդրադառնալով ընտրապայքարում կանանց ակտիվ ներգրավվածությանը` մարզիկն ընդգծեց,որ տարբերություն չկա: «Պատրաստված ու գրագետ կինը վա՞տ որոշումներ կկայացնի»,- հարցադրում արեց ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոնը: Լևոն Փանոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/77443.html 

(Visited 66 times, 1 visits today)