ԿԳ նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական  և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար   նախատեսված և ընթացքի մեջ գտնվող  բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական   ծրագրերին, դասագրքերին և կրթական  չափորոշիչներին:

Դպրոցների կառավարման ոլորտի փոփոխություններից ԿԳ նախարարը կարևորել է   տնօրենների ընտրության և հավաստագրման, կառավարման խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների կազմակերպման բարելավումը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ է արել  դպրոցներում կանխել դրամահավաքությունը,  հրաժարվել դպրոցական  միասնական համազգեստի պարտադրանքից. «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ  գործել օրենքի և իրավունքի սահմաններում:  Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք պետք է համատեղ իրականացնենք ոլորտի բարեփոխումներ»,- նշել է նա:

Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման միասնական մոդելի ներդրման հարցին, խոսել դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսավորման նոր բանաձևի մշակման և այլ հարցերի մասին:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը    կարևորել է նաև նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որպեսզի  2020 թվականից մարզում ներդրվի համընդհանուր ներառական կրթություն:

Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին:

Աղբյուր՝http://www.lragir.am/

(Visited 214 times, 1 visits today)