Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ. ՀՀ վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

«Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,- հավելեց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։

Ա. Եղոյանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը, թե «իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի, և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»։

Նա հրաժարվեց նաև պատասխանել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հնչող մեղադրանքներին, որ ակցիան կազմակերպված էր իշխանությունների կողմից։ Թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները նույն Ֆեյսբուքով տեղեկություններ տարածում, «լայվեր» անում, իսկ հնչող հակառակ կարծիքներին հարկ չեն համարում անդրադառնալ, Ա.Եղոյանը նշեց, որ սոցիալական ցանցն ընկալում են՝ որպես հարթակ, որտեղ կոնկրետ անձանց գրառումներին, նպատակահարմար գտնելու դեպքում, պատասխանում են։

Նկատենք, որ «Էրեբունի պլազայի» սրահ ներխուժած անձանց մեջ կային հանրությանը հայտնի ու անհայտ տարբեր մարդիկ։ Ն.Փաշինյանի թիմակիցներից այդտեղ էին Դավիթ Մկրտչյանը, Գարեգին Միսկարյանը, նրա վարորդ Ամիգո Ղուկասյանը, Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ՀԱԿ-ի թիմակիցների Տիգրան Առաքելյանը, Կարեն Թովմասյանը, տարկետման իրավունքի դեմ պայքարի ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, դերասան Աշոտ Ադամյանը, «Նաիրիտի» նախկին մամլո խոսնակ, ներկայումս ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Անուշ Հարությունյանը և այլք:

Ի դեպ, Անուշ Հարությունյանն անցնում է «Հոկտեմբերի 27»-ի գործով։ Այն ժամանակ նա ԱԺ լրատվական բաժնի աշխատակիցն էր, նա էր բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ ոճրագործության օրը, ԱԺ մուտք գործելու համար անցագրեր իջեցրել Նաիրի Հունանյանին։

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ և կատարվածը որակեց՝ որպես «այլախոհության բիրտ ճնշում»։

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են՝ որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով՝ որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել՝ որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածը, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:

(Visited 129 times, 1 visits today)