ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 120 ՏՈԿՈՍՈՎ

ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Մասնավորապես այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիր էր դրվել կոնկրետ ուղղությունների մատնանշմամբ հետաքննության և նախաքննության տարածքային մարմիններին տալ համապատասխանաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ իրականացնելու գրավոր ցուցումներ:

Այս համատեքստում, մասնավորապես, Արարատի մարզի դատախազների կողմից մարզային քննչական վարչության քննչական բաժիննեից պահանջվել և ուսումնասիրվել են նախկին տարիներին սպանության հատկանիշներով հարուցված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված 10 քրեական գործեր:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնավորապես մեկ քրեական գործով՝ կապված 2009թ. Ղուկասավան գյուղի տարածքով անցնող ջրատարում խեղադամահ արված անձի դիակի հայնաբերման դեպքի հետ, ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ տեսանելի են եղել կոնկրետ անձանց կողմից հանցագործությանը հնարավոր առնչություն ունենալու վարկածներ, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չեն կատարվել:

Մյուս քրեական գործով՝ կապված 2011թ. անձի անհետ կորելու հետ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ չեն կատարվել հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները:

Այս քրեական գործերի հանգամանքների վերաբերյալ մարզի դատախազության դատախազների կողմից տրվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ, որոնց հիման վրա նախաքննության մարմինների կողմից որոշում է կայացվել վերսկսել վարույթները:

Վարույթը կասեցված ևս երկու քրեական գործերով՝ կապված մեկը 2008թ. Արարատի մարզի Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին ավտոմեքենայի մեջ մեկ անձի բռնի մահվան հետքերով դիակի հայտնաբերման, մյուսը՝ 2013թ.-ին անձի անհետ կորելու հետ, դատախազի կողմից տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարություններ, նշվածներց առաջինով՝ նաև հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց գտնելու ուղղությամբ կոնկրետ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ: Դրանց արդյունքներից ելնելով կորոշվի քրեական գործով վարույթը վերսկսելու հարցը: Սպանության դեպքերի՝ նշված հիմքով վարույթը կասեցված ևս 6 քրեական գործերի ուսումնասիրությունները շարունակվում են:

Բացի վերոնշյալից, Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է 11 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6-ով կամ 120 տոկոսով: Քրեական գործերից 6-ը հարուցվել են մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից:

Նշված քրեական գործերով առայժմ 1 անձի նկատմամբ /բանկային համակարգի աշխատակից/ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել է մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարուցված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Նշված քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացումներ կատարելու, պաշտոնեկական կեղծիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դրանք արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բանկերից մեկի տարածքային մասնաճյուղում, մարզի առողջապահական հիմնարկներում՝ փորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում և համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնում, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 3 ուսումնասիրություններ: Արդյունքում հարուցվել են նույնքան քրեական գործեր: Համապատասխան սուբյեկտներին տրվել են իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները ՀՀ պետական բյուջե վերականգնելուն ուղղված նախազգուշացումներ:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով իրականացված աշխատանքի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 8.723.734 ՀՀ դրամ գումար:

(Visited 32 times, 1 visits today)