ԷՋՄԻԱԾՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ԴԵՌ ՄԱՆՎԵԼԻԶՄ Է

Հուլիսի 18-ին Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջը՝ նախկին ակումբագրադարանային տեխնիկումը, տնօրեն է ընտրելու: Թափուր պաշտոնի համար պայքարելու են երկուսը՝ քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մկրտչյանը եւ գործազուրկ մանկավարժ Գալուստ Խաչիկյանը: Վերջինս մրցակցության հայտ է ներկայացրել բոլորի համար անսպասելի: Մեզ հասած տեղեկություններով՝ քոլեջականներն ամեն ինչ արել են հնարավոր բոլոր թեկնածությունները բացառելու համար: Եվ, ահա, ընտրությունից հաշված օրեր առաջ «ձիու քայլ» է անում մեկը ու, քոլեջի զարգացման լուրջ ծրագիրը ձեռքին, ձեռնոց նետում միակ թեկնածու Կարինե Մկրտչյանին:

Կարինե Մկրտչյանը, ի դեպ, ԵԿՄ փոխնախագահ, Մանվել Գրիգորյանի «աջ ձեռք» համարվող Խաչիկ Մկրտչյանի կինն է: Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարտին, երբ դեռ տխրահռչակ գեներալը հարց լուծող էր, ինքն էլ հավաստագիր չուներ: Հավաստագրի հարցն արագ լուծեցին, հնարավոր թեկնածուներից դաշտը մաքրեցին: Կարծես խանգարող ոչինչ չկար, ու մեկ էլ՝ Հայաստանը ցնցեց Գրիգորյան ընտանիքի խայտառակ պատմությունը: «Թվում էր, թե քոլեջն էլ ազատագրվեց մանվելիզմից: Մարդիկ եղան, որ, պահն օգտագործելով, ցանկացան տնօրեն դառնալ, բայց, իմանալով, որ կառավարման խորհրդի կազմում Մանվելի մարդիկ են, ընդհուպ մինչեւ նախագահը, հրաժարվեցին»,- ասաց քոլեջի մի աշխատակից:

Ըստ նրա՝ խորհուրդն այնքան ստրկամիտ է, որ Մանվելի բանտարկված լինելու փաստի հետ անգամ հաշվի չի նստում: «Վախն էնքան խորն է նստած մեջները, որ անունը լսելուց էլ են դողացնում: Փոխանակ առիթն օգտագործեն ու ազատվեն դրա մնացորդներից, չէ՛, իրենք դեռ մանվելներին վերարտադրվելու հնարավորություն են տալիս: Լավ է, որ այլընտրանք կա, խելոք լինեն՝ Կարինեին ձայն չեն տա, նույնիսկ եթե մենակ լինի»:

Կառավարման խորհրդի 11 հոգանոց կազմից 3-ն ուսանող են, մյուսները, ըստ էության՝ Մանվելի դրածոները: Թե ինչ պատմություն կգրվի քոլեջի կյանքում հուլիսի 18-ից հետո, կախված է 8 հոգուց:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

(Visited 97 times, 1 visits today)